ՀԱՊԿ-ը բոյկոտելը հավելյալ մարտահրավերներ է ստեղծելու Հայաստանի համար. Եվսեև

ՀԱՊԿ-ին ուղղված՝ ՀՀ իշխանությունների քննադատությունների ֆոնին Երևան է ժամանել կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: ՀԱՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պաշտոնյան պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին Մինսկում կայացած վերջին հանդիպման արդյունքները, որի ընթացքում ընդունվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց վերաբերյալ ակնկալվում է ՀՀ-ի դիրքորոշումը։

Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համենայնդեպս, կառույցի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ այլ հանդիպումների մասին խոսք չկա:

Օրերս Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին ուղղված քննադատությունից հետո, գլխավոր հարցը հետևյալն է, թե ինչ ընդունելության կարժանանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում, և ինչ որոշում կկայացնեն ՀԱՊԿ որոշումների վերաբերյալ իշխանությունները։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի հռետորաբանությունը, ոչինչ չենք կարող բացառել, կարող են և չընդունել ՀԱՊԿ քարտուղարին, և մերժել ՀԱՊԿ որոշումներին միանալու առաջարկը, ինչպես մերժում են ՀԱՊԿ բոլոր առաջարկներն ու ՀԱՊԿ գործունեությանը մասնակցելը։

Ըստ նրա՝ ՀՀ իշխանություններն իրենց դժգոհությունները երկկողմ և բազմակողմ ձևաչափով քննարկելու փոխարեն՝ նախընտրում են դրանք հանրային քննարկման առարկա դարձնել՝ նպատակ ունենալով հանրային տրամադրությունները նախապատրաստել ՀԱՊԿ-ը լքելուն։

«Սակայն դա Հայաստանի համար նոր մարտահրավերների ճանապարհ է միայն, և դրա պատճառները բազմաթիվ են։ Հայաստանը չունի վստահելի գործընկերներ Արևմուտքում, Հայաստանի խնդիրները Ռուսաստանի հետ մշտապես հավելյալ վստահություն են տվել Ադրբեջանին, որը շարունակում է Հայաստանի նկատմամբ էքսպանսիոնիստական քաղաքականությունը։ Ռուսաստանը գնում է իրավիճակը հանդարտեցնելու ճանապարհով։ Կարծում եմ՝ նախօրեին ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը ցույց տվեց, որ ՌԴ-ն չի շարունակելու Երևանին պատասխանել նույն տոնայնությամբ, այլ ակնկալելու է հարցերի ուղղությամբ բարձրաստիճան մասնակցությամբ աշխատանք։ Ինչ է Հայաստանին տալու ՀԱՊԿ-ը լքելը, բացառությամբ այն, որ այդ քայլը միանշանակ կգոհացնի Բրյուսելին ու Վաշինգտոնին ու հավելյալ վստահություն կտա Ադրբեջանին, որը բոլոր ուղղություններով սպասում է Հայաստանի ձախողմանը։ Բացի այդ, Երևանում, կարծում եմ, հասկացել են, որ Արևմուտքը զգուշանալու է միակողմանիորեն աջակցել Հայաստանին, քանի որ կա Ադրբեջանի հարցը, այս դեպքում բոլորը փորձում են հավասարակշռություն պահպանել, ինչպես անում էր ՌԴ-ն, դրան զուգահեռ՝ աջակցելով Հայաստանին հնարավոր բոլոր մեխանիզմներով։ Սակայն ժամանակը, կարծում եմ, պարզ է դարձնում, որ Հարավային Կովկասում ավելին հնարավոր չէ։ Ֆրանսիան զենք է վաճառում Հայաստանին, բայց հայտարարում է, որ դա ունի պաշտպանական նշանակություն և ոչ հարձակողական, քանի որ խուսափում են խնդիրներից Ադրբեջանի հետ»,- նման կարծիք հայտնեց Եվսեևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ը լքելը հավելյալ մարտահրավեր է լինելու ՀՀ-ի համար, որը հաղթահարելու հարցում Արևմուտքը ոչինչ չի անելու։

«Հայաստանը կարող էր ՀԱՊԿ-ի ներուժին համապատասխան առավելագույնը քաղել ՀՍՊ-ից, ՌԴ-ից, հասկանալով, որ կան Ադրբեջանի հետ կապված շահեր, ու ՀԱՊԿ-ին ընտրության առջև կանգնեցնելն անմիտ է։ Հայաստանն ընտրեց առճակատման ճանապարհը, Ռուսաստանը փորձում է ավելի չբարդացնել, հասկանալով, որ սա կարող է նաև ժամանակավոր փորձություն լինել Հայաստանի ու Ռուսաստանի համար»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս