Բաժիններ՝

«Ադրբեջանը 1920 թվականից ի վեր վարել է հայերին իրենց պատմական տարածքներից դուրս մղելու քաղաքականություն»

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի հայաշատ բնակավայրերից բռնի տեղահանված հայերին առնչվող թեման շատ արդիական է, նրանց խնդիրների վերաբերյալ ակադեմիական քննարկումներն ունեն ոչ միայն գիտական, այլ ավելի շուտ գործնական նշանակություն։

Ելույթ ունենալով ՀՀ ԳԱԱ-ում կայացած «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը» թեմայով գիտագործնական աշխատաժողում, Սուվարյանը նշեց, որ Հայաստանն այսօր առերեսվել է փախստականներին առնչվող բավականին սուր պրոբլեմների, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։

«Ադրբեջանն առհասարակ իր ստեղծման տարուց՝ 1920 թվականից ի վեր սիստեմատիկաբար վարել է հայերին իրենց պատմական տարածքներից դուրս մղելու քաղաքականություն։ Այդ գործընթացը պարբերաբար ուղեկցվել է հայկական ջարդերով։ Նախորդ դարի սկզբին հայությունը Լեռնային Ղարաբաղում կազմում էր մեծամասնություն (+90%)։ Դեռ այդ ժամանակվանից սկսվեց պայքարը նրա տարածքի համար։ Ադրբեջանցիները միշտ ձգտել են կոտրել հայերի դիմադրողականությունը՝ զրկելով նրանց հարազատ լեզուն գործածելու և մշակութային ինքնությունը պահպանելու իրավունքից։

Լեռնային Ղարաբաղում կապիտալ ներդրումներ գրեթե չէին արվում, մեծ գործարաններ չկային, Բաքուն ամեն կերպ խոչընդոտում էր ինքնավար մարզի զարգացմանը։ Ամեն ինչ արվում էր, որ հայերի համար չստեղծվեին նպաստավոր պայմաններ, որպեսզի նրանք հեռանան։ Խորապես մտահոգվելով հայրենակիցների ճակատագրով՝ ՀԽՍՀ կենտկոմի առաջին քարտուղարներ Գրիգոր Հարությունյանը և Անտոն Քոչինյանը տարբեր տարիներին դիմել են մոսկովյան քաղբյուրոյին, որպեսզի վերականգնվեր պատմական արդարությունը և հիմնախնդիրը լուծվեր՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման համար»,- նշեց Սուվարյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի սկսման հիմնական պատճառը հենց փախստականության երևույթն էր՝ հայկական էթնոսի բնաջնջման վտանգը, որն իր հերթին առաջ բերեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման գաղափարը՝ որպես փրկության ճանապարհ։ Առավել ևս, որ դրա համար ստեղծվել էր հարմար պահ և մեկնարկել էր գորբաչովյան վերակառուցման ժամանակաշրջանը։ Բայց Ադրբեջանն այդ ամենին պատասխանեց ագրեսիայով և հայկական ջարդերով Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում։

«Մինչև ղարաբաղյան շարժման երկրորդ փուլն Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրում էր շուրջ 500 հազար հայ, իսկ արդեն 1990-ական թվականների սկզբին հայաշատ բազմաթիվ բնակավայրեր հայաթափվեցին։ Վերջին արարը տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին։ Բոլորիս աչքերի առջև տեղի ունեցավ սարսափելի անարդարություն։ Ավելի քան 100 հազար մեր հայրենակիցներ թողեցին Լեռնային Ղարաբաղում իրենց ապրուստն ու ունեցվածքը և բռնի կերպով տեղահանվեցին։ Փախստականության այս ամենամեծ ալիքը մեր պետության համար հարուցեց բազմաթիվ պրոբլեմներ։ Մեր գլխավոր նպատակը պետք է լինի ոչ միայն փախստականության խնդրի քննարկումը, այլև լուծման տարբերակների առաջադրումը, ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիների մատնանշումը»,-եզրափակեց Սուվարյանը:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանն իր հերթին գոհունակությամբ նշեց այն իրողությունը, որ հայ գիտնականներն ու ազգաբանները փորձում են նման քննարկումներ կազմակերպել ճիշտ ժամանակին և մեսիջներ ուղարկել քաղաքական շրջանակներին, որպեսզի գիտական միտքը նույնպես հիմք ընդունվի քաղաքականության համար։

«Փախստականությունն, ըստ էության, կապված է կայսրությունների պատմության հետ։ Խորհրդային Միությունը բացառություն չէր։ Կայսրություններն են ստեղծում տվյալ ֆենոմենը, և այն ժողովուրդները, որոնք գտնվում են դրանց մարգինալ գոտիներում, մշտապես կարող են հայտնվել փախստականի դերում։ Աշխարհը չի փոխվել։ Մտածում էինք, որ 21-րդ դարն իսկապես գլոբալիզմի դարաշրջանի մեկնարկն է, սահմաններ են բացվել, սակայն պարզվեց, որ փախստականության երևույթը միջնադարից չի տարբերվում։ Մեր նպատակն է արձանագրել իրողությունները և քննարկումների արդյունքում ճիշտ մեսիջներ փոխանցել պետությանը՝ հետագա խնդիրներից խուսափելու և պետականությունն ուժեղացնելու համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։

Մանվել Մարգարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս