Բաժիններ՝

Մարմնամարզիկներն այս տարի նվաճել են 36 մեդալ

Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային հավաքականները 2023 թվականին նվաճել են, ընդհանուր առմամբ 36 մեդալ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Անցնող տարին մեզ համար հաջող էր: Չեմ ասի շատ հաջող, քանի որ սպասելիքներ ունեինք նաև աշխարհի առաջնությունից և մենք պետք է մեդալ նվաճեինք նաև այնտեղ: Այնքան ենք բարձրացրել նշաձողը, որ յուրաքանչյուր մրցաշարից ոսկե մեդալ ենք ակնկալում: Այս տարի բացառիկ հաջող էր երիտասարդների աշխարհի առաջնությունը: Համլետի երկրորդ ոսկե մեդալը շատ լավ արդյունք էր, հրաշալի էր Մամիկոնի` նժույգ-թափերում արծաթե մեդալը: Բացահայտում էր թիմային 4-րդ հորիզոնականը»,-ասաց Սերոբյանը:

Վերջինիս խոսքով` 2023 թվականին կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունները շատ հաջող ստացվեցին: 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունները կլինեն վարկանիշային և յուրաքանչյուր գործիքի վրա կխաղարկվի երկու օլիմպիական վարկանիշ:

«Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում Արթուր Դավթյանը պարզապես փայլեց և ամեն մարզաձևում չէ, որ յուրաքանչյուր մարզիկ կարող է երկու մեդալ նվաճել, ինչպես Արթուրը` ոսկե և բրոնզե: Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Մենք ունեցանք առաջին, երկրորդ և երրորդ տեղեր Եվրոպայի առաջնությունում: Ընդհանուր առմամբ՝ այս տարի մարմնամարզիկները նվաճել են 36 մեդալ` 11 ոսկի, 8 արծաթ, 11 բրոնզ»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Սերոբյանն ընդգծեց, որ Փարիզի Օլիմպիական խաղերի համար դեռևս մասնակցության ևս մեկ հույս կա: Եվս մեծ վարկանիշ կխաղարկվի Եվրոպայի առաջնությունում:

2023 թվականի կարևոր իրադարձություններից մեկն էր նաև Եվրոպական ֆեդերացիայի կողմից 2027 թվականի ԵԱ-ն Հայաստանում անցկացնելու որոշումը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի խոսքով` նվաճած մեդալը կատարած աշխատանքի մասին է խոսում:

«Մենք մեկ ընտանիք ենք և շատ միասնական: Աշխատում ենք միասին, իսկ մեր տղաները ջանք չեն խնայում լավ արդյունքի հասնելու համար»,-ասաց Նազարյանը:

Վերջինիս ընդգծեց՝ 2023 թվականի լավագույն արդյունքներից մեկը պատանեկան օլիմպիական փառատոնում մարմնամարզության հավաքականի թիմային բրոնզե մեդալն էր, որը բացառիկ արդյունք է պատանեկան տարիքային խմբում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս