Ադրբեջանցիները Հայաստանում կապրեն արտոնյալ իրավունքներով և հատուկ կարգավիճակով. Միքայել Նահապետյան

«Զանգ» շարժման անդամ Միքայել Նահապետյանն իրենց նախաձեռնած փողոցային պայքարը բաժանում է մի քանի փուլի և առաջին փուլի համար արձանագրում՝ կարողացել են հանրության համար ընկալելի դարձնել այն վտանգավոր զարգացումները, որոնք Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով պատուհասելու են Հայաստանին։

«Մեզ մինչև գարուն, ամենայն հավանականությամբ, սպասվում է նոր ռազմական էսկալացիա՝ իր բացասական հետևանքներով։ «Խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթղթում կարող են տեղ գտնել երաշխիքներ այն մասին, որ Հայաստանում հատուկ կարգավիճակով և արտոնյալ իրավունքներով կարող են բնակեցվել ադրբեջանցիներ, ինչն Ադրբեջանը կօգտագործի Հայաստանը պաղեստինացնելու նպատակով։ Հենց այս օրակարգն է, որը մեր բողոքի ակցիաների առաջին փուլում կարողացել ենք հասանելի և ընկալելի դարձնել հասարակության տարբեր շերտերին, բայց որպեսզի «Զանգ» շարժումը կարողանա էլ ավելին անել և անցնել հաջորդ փուլին, արդեն պետք է լռությունը ճեղքելուց հետո ունենալ փողոցում 1000 քաղաքացի»,- այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Միքայել Նահապետյանը։

Թե ինչո՞ւ չի հաջողվում իրենց ակցիաներին միացած 50 հոգու թիվը հասցնել 1000-ի, Նահապետյանը դրա համար առանձնացրեց մի քանի պատճառ՝ սպասողականություն, վստահության ցածր մակարդակ, ինչպես նաև՝ անտարբերություն։

Կարդացեք նաև

Հարցին՝ իսկ ինչո՞ւ իրենց չեն վստահում, և արդյո՞ք դրա պատճառն այն է, որ շարժման անդամ Սուրեն Սահակյանը 2020 թվականի պատերազմից հետո հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, Միքայել Նահապետյանը պատասխանեց.

«Չեմ ուզում նոր խրամատներ փոխելու գծի մեջ մտնել, բայց եթե մենք որոշակի սկզբունքների մասին ենք խոսում, այդ դեպքում ինչո՞ւ դրանք չեն տարածվում նաև նրանց վրա, որոնք, օրինակ, Կառավարությունից փող են ստանում և ասֆալտ անում, կամ՝ Կառավարությունից փող են ստանում և տոնածառ ներկրում։ Եթե նույն սկզբունքը նաև իմ նշած դեպքերի վրա տարածվեր, դա կլիներ այլ բան։

Կրկնում եմ՝ չեմ ուզում մտնել այդ դաշտ, որովհետև ուզենք թե չուզենք, մենք բոլորս նույն բանի առաջ ենք հայտնվելու, երբ մի պահի կիմանանք, որ արցախցիների պես՝ մեզ էլ է մի քանի ժամ տրված գաղթելու համար։ Այդ գաղթի ճանապարհը բոլորս միասին ենք անցնելու, ուստի բոլոր հակասություններն առաջարկում եմ մի էտապ հետաձգել, մինչև Փաշինյանի հեռացման գործն արած-ավարտած կլինենք»։

Քաղաքացիական նախաձեռնության անդամի խոսքով՝ սովորաբար նման շարժումները դինամիկա են ցույց տալիս երկու-երեք շաբաթների ընթացքում, մասնավորապես՝ «Զանգ» շարժման դինամիկան փոփոխվում է. ավելի դանդաղ է, իսկ դրա պատճառներից մեկը խնդրի բարդությունն է, որովհետև մարդիկ հակված չեն հավատալու, որ Փաշինյանի հեռացումը լինելու է բոլոր վերքերի սպեղանին, ուստի իրենք քաղաքացիների հետ նախ խոսում են Փաշինյանի հեռացումից հետոյի մասին։

«Ինչ վերաբերում է նրա հեռացմանը, ապա ես գիտեմ մի թիվ, որը ճիշտ գործիքների կիրառման դեպքում կանցկացնի անդառնալիության կետը. եթե 3000 մարդ փողոցում լինի՝ ենթարկվելով մի շարք կանոնների՝ ատելություն չտարածի, բռնություն չգործադրի և գնա կառավարչական և ոչ թե աշխարհագրական ապակենտրոնության սկզբունքով, ապա մենք կհատենք այդ գիծը, և 3000-ը կդառնա 300 000»,- ասաց Միքայել Նահապետյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս