Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել»

Կոլումբիայի «NTN24» լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին Անդրկովկասում նոր պատերազմի չդրդել»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցցանցերում և Telegram-ալիքներում հայտնվել էին ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաների լուսանկարները, որոնք, ըստ հրապարակումների, Վրաստանի տարածքով ուղևորվում էին Հայաստան:

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիան մտադիր է Հայաստանին ընդհանուր առմամբ 50 զրահամեքենա մատակարարել։

«Հայաստանին պաշտպանական և հարձակողական սպառազինություն մատակարարող Ֆրանսիայի գործողությունները չեն նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք Ֆրանսիային կոչ ենք անում զերծ մնալ ապակառուցողական գործողություններից և Հայաստանին նոր պատերազմի չդրդել»,-հայտարարել է Մամեդովը։

Խոսելով 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի մասին՝ ադրբեջանցի դիվանագետն այն անվանել է «տեղային հակաահաբեկչական միջոցառում», որն ուղղված է եղել «բացառապես անջատողականների անօրինական զինված կազմավորումների դեմ»։

Նշենք, որ Ադրբեջանի «տեղային» գործողության արդյունքը եղավ հայ բնակչության զանգվածային տեղահանումը իր հայրենիքից, որտեղ նրանք ապրել են հազարամյակներ շարունակ:

Տեսանյութեր

Լրահոս