Քաղաքացիները վերաքննիչ դատարան կկարողան դիմել 250 հազար դրամից ոչ պակաս գույքային պահանջներով․ նախագիծ

Արդարադատության նախարարությունը լրացումներ և փոփոխություններ է նախատեսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, որով լուծում կտրվեն քաղաքացիական դատավարության ոլորտում գործնականում առաջացող մի շարք խնդիրների։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

«Շեշտը դրվել է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քաղաքացիների համար առավել լավ ծառայություն մատուցելու հնարավորության վրա։

Փաթեթը մշակվել է դատավորների, դատական իշխանության այլ ներկայացուցիչների, շահագրգիռ կառույցների հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում»,- ասաց Հարությունյանը։

Նախարարի տեղակալը նախ անդրադառձավ նախագծով նախատեսվող նոր կարգավորումներին, որոնցով գործին մասնակցող անձինք առավել լիարժեք կիրականացնեն իրենց դատավարական իրավունքները։

«Ներկա կարգավորումների համաձայն, երբ անձը դատարանի կողմից ծանուցվում է այնպիսի գործի վերաբերյալ, որ հետագայում կայացվելիք դատական ակտը կարող է այս կամ այլ կերպ շոշափել իր իրավունքներն ու պարտականությունները, չունի հնարավորություն նախապես ծանոթանալու գործի նյութերին՝ հասկանալու համար, թե կա՞ն արդյոք գործի քննությանը ներգրավվելու հիմքեր։

Այս նպատակով առաջարկում ենք սահմանել, որ դատարանի կողմից ծանուցված անձը, ում իրավունքների ու պարտականությունների վրա կարող է անխուսափելիորեն ազդել ակտը, հնարավորություն ունենա մինչև գործին մասնակցող անձանց ներգրավվելը ծանոթանալ գործի նյութերին, ստանալ դրանց պատճեները, գործի նյութերից անել քաղվածքներ, լուսանկարներ։

Նախատեսում ենք նաև հնարավորություն ծանուցումներ իրականացնել հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ, օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով։ Սահմանում ենք, որ դա հնարավոր է, եթե կողմն ինքը դատարանին տրամադրել է իր հեռախոսահամարը կամ ծանուցման էլեկտրոնային հասցեն հենց այդ նպատակի համար։ Ընդ որում, նշված հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությունը կամ ցանկացած տեղեկություն պետք է համարվի ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից։

Սահմանել ենք կարգավորումներ, որով կփորձենք դատարաններին ազատել ակնհայտ անհիմն հայցերից։ Մասնավորապես, սահմանվում ենք, որ հայցերը, որոնք ակնհայտորեն ոչ իրավաչափ են կամ հայցվորի կողմից ներկայացվել է ոչ պատշաճ հայց, ապա կարող է կիրառվել արագացված դատաքննություն, և առանց նիստ անելու արագ այս հայցի հարցը լուծվի»,- նշեց Հարությունյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծով նախատեսվում են նաև վերաքննության իրավունքի որոշ սահմանափակումներ, որպեսզի վերաքննիչ դատարանը բեռնաթափի փոքր գործերից։

«Ներկայումս վերաքննիչ բողոքը չի կարող 50 հազար դրամ գույքային պահանջից պակաս լինել, սակայն այդ շեմը տարիներ շարունակ չի վերանայվել և չի համապատասխանում արդի տնտեսական վիճակին․ փաթեթով 50 հազարի փոխարեն նախատեսում ենք այդ շեմը սահմանել 250 հազար դրամ։

Պետք է նշեմ, որ այն ժամանակահատվածում, երբ գույքային պահանջները 50 հազար դրամի չափով էին սահմանված, նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ էր կազմում, ներկայում 75 հազար դրամ է, և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն էլ ավելի մոտ է նախանշված արժեքներին։ Այս համամասնության հիման վրա է կայացվել այս որոշումը։

Վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում տեխնիկական բնույթի թերությունների դեպքում այդ բողոքները դատավորներն այլևս ստիպված չեն լինի վերադարձնել․ դրանք գրասենյակը կվերադարձնի։ Օրինակ՝ երբ կբացակայեն անձը հաստատող փաստաթղթի պատճենները, դատարանի գրասենյակը հնարավորություն կունենա կապ հաստատել և վերադարձնել շտկումներ անելու համար»,-եզրափակեց Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս