Քաղաքաշինական ոլորտի կազմակերպությունները կլիցենզավորվեն նոր սկզբունքով, մասնագետների համար էլ պարտադիր է հավաստագրումը
Քաղաքաշինության ոլորտում իրականացվում են փոփոխություններ։ Արդեն ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտում կազմակերպությունների լիցենզավորմանը և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։ Դա ենթադրում է, որ այսուհետ քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման գործընթացն իրականացվելու է նոր պահանջներով, դրվում է նաև մասնագետների հավաստագրման պահանջ։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, ներկայացնելով փոփոխությունները, նշեց, որ նախ սահմանվել է լիցենզավորման դասակարգում։
«Մինչ այս քաղաքաշինության ոլորտի լիցենզիաները միատեսակ են եղել, բոլոր սուբյեկտներին տրվել է նույն հնարավորությունը, ինչն արդյունավետ չէ։ Նոր օրենսդրությամբ կազմակերպությունները կդասակարգվեն։ Կսահմանվի երեք դաս։ Ըստ յուրաքանչյուր դասի էլ կսահմանվի տվյալ կազմակերպությունների գործունեության շրջանակը։ Օրինակ՝ նոր ստեղծվող կազմակերպությունը կարող է հավակնել միայն ցածր դասի լիցենզիայի, այն է՝ կառուցել, վերակառուցել առաջին և երկրորդ ռիսկայնության օբյեկտներ, անհատական տներ, վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ։ Բազմաբնակարան շենքերի, հասարակական նշանակության դպրոցների կառուցմանը նորաստեղծ կազմակերպությունը չի կարող հավակնել»,-ասաց Դավիթ Գրիգորյանը։
Նոր փոփոխությունների համաձայն՝ կազմակերպությունների ինժեներական անձնակազմի պատասխանատու մասնագետները պետք է հավաստագրվեն։ Ներդրվում է շարունակական մասնագիտական զարգացման համակարգը։ Մասնագետներն ունենալու են 1-3 կարգ։ Յուրաքանչյուր կարգը կտրվի՝ կախված օբյեկտի ռիսկայնությունից։
«Հիմա կհավաստագրենք անցումային այս փուլում, սակայն մասնագետը հաջորդ 5 տարիների ընթացքում պետք է անցնի մասնագիտական զարգացման գործընթաց, հավաքի համապատասխան կրեդիտներ։ Առայժմ այս փոփոխությունները վերաբերում է ինժեներական հատվածին, սակայն հետագայում մասնագետների շրջանակը ընդլայնվելու է»,-ասաց Դավիթ Գրիգորյանը։
Նոր ստեղծվող կազմակերպություններն արդեն լիցենզիա կստանան նոր կարգով, նոր մոտեցումներով, իսկ այն կազմակերպությունները, որոնք արդեն ունեն լիցենզիա մինչև 2024 սեպտեմբերի 17-ը պետք է դիմեն գործող լիցենզիան, նոր օրենսդրության համաձայն, համապատասխան դասի լիցենզիայով փոխարինելու համար։ Դա չանելու պարագայում, անցումային փուլի ավարտից հետո այն օրենքի ուժով կդադարի գործել։ Տրամադրվող լիցենզիայի ժամկետի հետ կապված ևս փոփոխություն կա։ Եթե նախկին օրենսդրությամբ այն տրվում էր անժամկետ, ապա հիմա տրվելու է 5 տարի ժամկետով։
Դրանից բացի, կազմակերպությունները վարկանիշավորվելու են։ Այսինքն՝ քաղաքաշինական ոլորտի մասնագիտական կազմակերպություններ փնտրելիս եղած տվյալները բավական օգտակար կլինեն։ Մյուս կողմից տեսանելի կլինի կազմակերպությունների ու մասնագետների թերացումները։ Նոր փոփոխությունների համաձայն՝ պատասխանատվություն են կրելու ոչ միայն կազմակերպությունները, այլև՝ մասնագետները։ Այս բոլոր գործընթացներն ազդելու են կազմակերպությունների ու մասնագետների վարկանիշավորման վրա։ Հետևաբար՝ հետագայում շինարարական ծրագրերին հավակնող կազմակերպությունների համար կարևոր է լինելու վարկանիշը, ինչն էլ նպաստելու է աշխատանքի պատշաճ իրականացմանը։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանն ընդգծեց, որ այս գործընթացով ստեղծում է կազմակերպությունների ու պատասխանատու մասնագետների պատմություն։
«Պարզ ու հստակ է լինելու կազմակերպության պատմությունը, վարկանիշը։ Այսինքն՝ պատվիրատուն կտեսնի, թե ինչ ճանապարհ է անցել կազմակերպությունն, ինչ հագեցվածություն ունի։ Մի կողմից դա ազդակ կլինի պատվիրատուների համար, կկարողանան ճիշտ ընտրություն կատարել, մյուս կողմից մրցակցային դաշտ կապահովվի։ Արդյունքում՝ թափանցիկ կլինի կազմակերպության պատմությունը, կերևա նաև կազմակերպության կրած պատասխանատվությունը։ Պատվիրատուն արդեն որևէ շինարարական ծրագրի աշխատանքները կատարումը չի տա այն կազմակերպությանը, որին միայն գնային առաջարկով է ճանաչում»,-ասաց Նշան Մարտիրոսյանը։
Ներկայում հանրապետությունում գործում է մոտ 4 հազար լիցենզավորված կազմակերպություն։