Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ
Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո էլ պետք է շարունակի եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումների իրականացումը, որպեսզի տեղի ունենան անդամության շուրջ բանակցություններ, ինչպես Մոլդովայի և Ուկրաինայի պարագայում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու իրողությանը, Մելիքյանը նշեց, որ Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը միանգամայն սպասելի էր, քանի որ Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդարանի վերջին հայտարարություններից հետո, որոնցում ԵՄ երկրներին կոչ էր արվում Վրաստանին տալ այդ կարգավիճակը, արդեն պարզ էր, որ որոշումը չէր ուշանալու, քանզի կար ըմբռնում, որ թեև Վրաստանն անցած ճանապարհի, գուցե, ոչ բոլոր քայլերն է կատարել և ճանապարհային քարտեզի ոչ բոլոր կետերն է ապահովել բարեփոխումների տեսքով, բայցևայնպես, այդ խորհրդանշական կարգավիճակը տրվեց Վրաստանին՝ որպես խրախուսանք։
«Տվյալ որոշումը Վրաստանի համար շատ կարևոր է հատկապես ներքաղաքական գործընթացների ֆոնին։ Հաջորդ տարի տեղի են ունենալու համապետական ընտրություններ, հետևաբար քաղաքական ուժերը փորձելու են Եվրամիության որոշումն օգտագործել՝ ցույց տալով, թե իրենք նույնպես ներդրում են ունեցել այդ որոշման կայացման գործում։ Վրաստանի կառավարությունը իր հերթին արտասահմանյան գործընկերներին ցույց է տալիս, որ երկիրը շարունակում է առաջ ընթանալ այդ ուղով, որ եվրոատլանտյան ուղղությունն իր համար հիմնականն է»,- ասաց վրացագետը։
Մելիքյանի դիտարկմամբ՝ Վրաստանին առնչվող որոշումը դժվար թե կարելի է տարածաշրջանային մասշտաբով բացառիկ համարել, քանի որ Ադրբեջանը նույնպես փորձում է ակտիվորեն շարունակել համագործակցությունը Եվրոպայի հետ Արևելյան գործընկերության շրջանակում՝ հատկապես էներգակիրների մատակարարման առումով, և չի բացառվում, որ մոտ ապագայում կարող է բանակցել նաև վիզաների ազատականացման շուրջ։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրն, ունենալով իր արտաքին քաղաքական գերակայությունները, նույնպես փորձում է առավելագույն չափով օգտագործել առկա հնարավորությունները, որպեսզի դիվերսիֆիկացնի արտաքին հարաբերությունները։ ԵՄ-ի հետ արդեն ստորագրվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, երկրում տեղի ունեցող բարեփոխումները մեզ ավելի են մոտեցնում եվրոպական չափանիշներին, հետևաբար Վրաստանի ձեռքբերումը մեզ համար կարող է յուրատեսակ ցուցիչ լինել։ Երևանում այդ քայլը նույնպես ընկալվում է որպես մեծ ձեռքբերում, որովհետև Հայաստանին նույնպես տալիս է արտաքին քաղաքական ու տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու հնարավորություն։ Վրացիների ձախողումն ինչ-որ չափով կարող է նաև մեզ համար լինել ձախողում, հետևաբար պաշտոնական Երևանն իր հնարավորությունների շրջանակում փորձում էր եվրոպական գործընկերների հետ կոնտակտների ժամանակ բարձրացնել Վրաստանի հարցը, բարեխոսել հարևանի համար՝ ցույց տալով, որ Վրաստանի առաջընթացը Հայաստանի համար նույնպես կարևոր է»,- ասաց վրացագետը։
Մելիքյանի խոսքով՝ Հարավային Կովկասում Վրաստանն ու Հայաստանը ժողովրդավարական կարևոր բարեփոխումների ու պետական ինստիտուտների կայացման ուղու վրա են, ուստի շահագրգռված են եվրոպական չափանիշներով գործընթացների շարունակման հարցում։ Ըստ նրա՝ ԵՄ որոշման արդյունքում մեր տարածաշրջանը շարունակ կլինի այդ կառույցի ուշադրության կենտրոնում, ինչից կշահի նաև Հայաստանը։
«Սովորաբար ԵՄ թեկնածությունից անդամակցության տանող ճանապարհը բավական երկար է տևում։ Մի բան է գործընթացը, մեկ այլ բան, երբ կառույցի ներսում ընդգրկված երկրները կայացնում են ընդլայնման որոշում։ Կոպենհագենյան համաժողովում հաստատվեցին չափորոշիչներ, որոնք բավականին հստակ են, ուստի ոչ մի երկրի համար զիջում չի արվելու, և բոլորը պետք է համապատասխանեն այդ չափորոշիչներին»,- ասաց մեր զրուցակիցը։
Մելիքյանը շեշտեց, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարականի վերածվելու լավ հեռանկար ունեն, և ինչ էլ լինի ապագայում, երկու երկրները կանեն այնպես, որպեսզի առավելագույն չափով նպաստեն փոխհարաբերությունների զարգացմանը, որպեսզի խոչընդոտներ չլինեն, մասնավորապես, քաղաքացիների ազատ տեղաշարժի առումով։ Վրացագետի կարծիքով՝ շատ կարևոր է նաև այն, թե ինչպես կընթանան ԵՄ անդամակցության գործընթացները Մոլդովայի և Ուկրաինայի պարագայում, որոնք սերտորեն կառնչվեն նաև Վրաստանին։
Բրյուսելում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ, ինչպես նաև Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճեպազրույցի ժամանակ այդ իրադարձությունն անվանել է պատմական։
Վրաստանի վարչապետը երկրի քաղաքացիներին հրավիրել է՝ մասնակցելու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու առթիվ կազմակերպված տոնախմբություններին։
Մանվել Մարգարյան