Բաժիններ՝

Կոնգրեսն ընդունել է օրինագիծ, որն ԱՄՆ ցանկացած նախագահի արգելում է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից

ԱՄՆ Կոնգրեսը նախագահին արգելել է երկիրը դուրս բերել Հյուսիսատլանտյան դաշինքից` առանց օրենսդիրների համաձայնության։ Համապատասխան կետը ներառված է 2024 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտում (NDAA, National Defense Authorization Act ), որը հաստատվել է Կոնգրեսի երկու պալատների կողմից: Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

«Նախագահը չի կարող կասեցնել, դադարեցնել (ԱՄՆ մասնակցությունը), չեղարկել կամ դուրս գալ Հյուսիսատլանտյան պայմանագրից, որն ստորագրվել է 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում, եթե ոչ միայն Սենատի ներկա սենատորների երկու երրորդի հավանության պայմանով կամ Կոնգրեսի օրենքի համաձայն», – ասված է փաստաթղթում։

Այս օրինագիծը ներկայացվել է դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնի և հանրապետական ​​սենատոր Մարկ Ռուբիոյի առաջարկով։

Թիմ Քեյնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ից երկիրը դուրս բերելու՝ նախագահի լիազորությունը սահմանափակելու առաջարկը «վերահաստատում է ԱՄՆ-ի աջակցությունն այս կարևորագույն դաշինքին, որը ծառայում է որպես ԱՄՆ ազգային անվտանգության հիմք»։

Իր հերթին Մարկ Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ն «պետք է ապահովի ազգային շահերի պաշտպանությունը և ժողովրդավարական դաշնակիցների անվտանգությունը»։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալուն։ Սպիտակ տան նախկին ղեկավարը բազմիցս ասել է ՆԱՏՕ-ից դուրս գալու իր ցանկության մասին։

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլին գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կձգտի հասնել վերընտրման։ Թրամփն ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարել է 2022 թվականի նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս