Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համակարգային և աշխարհագրական խոցելիությունները մեծացել են․ Արարատ Միրզոյան

Կորոնավիրուսի համավարակից վերականգման փխրուն գործընթացն ավելի է խաթարվել գլոբալ մակրոտնտեսական բարդ պայմանների պատճառով, ինչը մեծացրել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համակարգային և աշխարհագրական խոցելիությունները:

Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։

«Միջազգային անվտանգության խոշոր ճգնաժամը, մատակարարման շղթաների խաթարումները, պարենի և վառելիքի գների աճը և կլիմային փոփոխության ազդեցությունը հանգեցրել են նկատելի հավելյալ բարդությունների երկրների մեր խմբի զարգացման հեռանկարների համար: Առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքը և վերականգնումը պահանջում են անհավասարությունների և խտրականության հասցեագրում և ներառականության ապահովում:

Մարդկանց, բեռների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար քաղաքական խոչընդոտների վերացումը, մասնավորապես տնտեսական և սոցիալական իրավունքների և բոլոր ժողովուրդների զարգացման իրավունքի իրացումը կարևոր գործոն է հանդիսանում գլոբալ շուկաներին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ինտեգրման համար: Կարևոր է վեր հանել տարանցիկ քաղաքականության, ենթակառուցվածքների կառուցման և պահպանման, առևտրի դյուրացման, տարածաշրջանային ինտեգրման, կառուցվածքային տնտեսական վերափոխման և զարգացման աջակցության ոլորտներում առկա բացերը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված նախարարական հանդիպումը և դրա ընթացքում տեղի ունեցող քննարկումներն ու գեներացվող նոր գաղափարները նպաստ կբերեն գործողությունների նոր ծրագրի մշակմանը:

«ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ունի անհրաժեշտ գործիքակազմը, փորձառությունը և գործընկերների ցանցը՝ առաջ մղելու համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ու զարգացման գործընկերների միջև: Այս առումով մենք կարևորում ենք երկրների մեր խմբի առևտրային, տրանսպորտային ու տարանացիկ ներուժի լիարժեք իրականացումը, ներառական փոխկապակցվածությունը որակյալ, կայուն և դիմակայուն ենթակառուցվածքների խթանման, տրանսպորտային ցանցերի մատչելի և հավասար օգտագործման ապահովման և առևտրի դյուրացման միջոցով: ՄԱԿ-ի առավել նվազ զարգացած երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների և փոքր կղզի զարգացող երկրների գրասենյակն առաջատար դեր է խաղում երկրների մեր խմբի կարիքների հասցեագրման նպատակով՝ ՄԱԿ-ի համակարգված գործողությունների համադրման և այդ ուղղությամբ միջազգային հանրության ու զարգացման գործընկերների ջանքերի մոբիլիզացիայի գործում: Բարձր գնահատելով գրասենյակի կողմից կատարված ախշատանքը՝ դրա հետ մեկտեղ կցանկանայի շեշտել դրա մարդկային և ֆինանսական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը՝ հնարավորություն տալով լիարժեք և արդյունավետ կերպով իրացնելու իր մանդատից բխող գործողությունները»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս