Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին ռազմական աջակցություն կցուցաբերի այնքան, մինչև ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի
ԱՄՆ-ն կշարունակի զենք մատակարարել Իսրայելին այնքան ժամանակ, քանի դեռ հրեական պետությունն ամբողջությամբ չի ազատվել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է հրեական Խանուկա տոնի կապակցությամբ Սպիտակ տանը կայացած ընդունելության ժամանակ։
«Մենք կշարունակենք ռազմական աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք (խմբ․՝ Իսրայելը) չեն ազատվել ՀԱՄԱՍ-ից, բայց մենք պետք է զգույշ լինենք, նրանք պետք է զգույշ լինեն․ ամբողջ աշխարհի հասարակական կարծիքը կարող է մեկ գիշերվա մեջ փոխվել։ Մենք չենք կարող դա թույլ տալ», – ասել է Բայդենը՝ հավելելով, որ շարունակվում են աշխատանքները գերիների ապահով վերադարձի ուղղությամբ։
Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները նաև կշարունակի աշխատել Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնության հասանելիության ուղղությամբ։
«Մենք կշարունակենք գլխավորել պաղեստինցի անմեղ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության համաշխարհային նախաձեռնությունը։ Մենք մեր իսրայելցի ընկերների ուշադրությունը հրավիրում ենք խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտության վրա», – նշել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում պաղեստինաիսրայելական հակամարտության ֆոնին հակասեմականության աճող մակարդակի կապակցությամբ։
«Միացյալ Նահանգներում հրեաների, մուսուլմանների կամ որևէ այլ մեկի դեմ ատելությունը տեղ չունի», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները սկսվել են հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 240-ին։ Ըստ Գազայի առողջապահական իշխանությունների՝ իսրայելական հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը 18 205 է, գրեթե 50 000 մարդ վիրավորվել է։
7-օրյա հրադադարի ընթացքում, որն ավարտվեց դեկտեմբերի 1-ին, ՀԱՄԱՍ-ն ազատ էր արձակել շուրջ 100 պատանդի, որոնց դիմաց Իսրայելն ազատել էր բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների։