Բաժիններ՝

Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային համաժողովը

Դեկտեմբերի 15-ին Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային համաժողովը, որին կմասնակցեն երկու երկրների հասարակական կարծիքի ավելի քան 300 առաջնորդներ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության հանրային պալատը, «Միասին» հասարակական կազմակերպությունը և «Միջազգային համագործակցության առաջնորդներ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը: Համաժողովին բարձր մակարդակի հյուրեր են սպասվում։

Քննարկման թեմաներից են «պատմական հիշողության պահպանումը որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև երկարաժամկետ համագործակցության զարգացման հիմք», «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում», «ԶԼՄ-ները՝ որպես անբաժանելի մաս քաղաքական փոխգործակցության կերպարների ստեղծման գործում»:

«Ներկա փուլում միջազգային հարաբերությունների համակարգի ձևափոխումը թելադրում է Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման և փոխգործակցության բոլոր խոչընդոտների հաղթահարման անհրաժեշտությունը։ Երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ռազմավարական բնույթն արտահայտված է բոլոր մակարդակներում՝ տնտեսությունից ու անվտանգությունից մինչև կրթություն ու մշակույթ։ «Ռուսաստան-Հայաստան» հանրային համաժողովը կարևոր մեկնարկային կետ կդառնա երկու պետությունների միջև երկխոսության նոր փուլի համար։ Համաժողովի շրջանակում փորձի փոխանակումը և համատեղ նախագծերի մշակումը կարևոր դեր կխաղան համագործակցության նոր մեխանիզմների ստեղծման և Ռուսաստանի ու Հայաստանի միջև փոխգործակցության արդեն գոյություն ունեցող ձևաչափերի ամրապնդման գործում»,- տնօրեն Մհեր Ավետիսյանի խոսքն է մեջբերում համաժողովի մամուլի ծառայությունը։

Կազմակերպիչները նշում են, որ միջոցառման շրջանակներում տեղի կունենան լիագումար նիստ, թեմատիկ նիստեր, երկկողմանի նախագծերի ներկայացում, համագործակցության համաձայնագրերի ստորագրում և բանաձևի ձևավորում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս