«Ես ստիպված եմ հերքել նիկոլյան ժամանակների տխմարությունները, որովհետև ավելի շուտ Պիզայի աշտարակը կուղղվի, քան Արտյոմն ու թմրանյութները իրար հետ որևէ կապ կունենան». Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ դու Արթուր Վանեցյանի որդին ես, ոչ միայն իրավունք չունես իրավախախտում կատարել, այլ նաև հայտնվել մի իրավիճակում, երբ քո մեքենային գալիս և հարվածում է ինչ-որ անծանոթ մի մարդ։
Արտյոմ Վանեցյանի մեքենայի հետնամասին դեկտեմբերի 7-ին հարվածել է մեկ այլ անձի մեքենա՝ պատճառելով զգալի գույքային վնաս։ Այդ մեկ այլ անձի մեքենայից ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութի նման ինչ-որ բան (երևի կպարզեն, թե ինչ է)։
Նկատեցիք չէ՞, որ Արտյոմ Վանեցյանը մինչև այս պահը ոչ մի կանոն չի խախտել, ավելին՝ այս դեպքի տուժողն է (գույքը վնասվել է ոչ իր մեղքով և այլն)։
Այսքանը բավական է, որ հայկական ժամանակները հրապարակեն Արթուր Վանեցյանի նկարը, գրեն, որ Արտյոմ Վանեցյանը վթարի է ենթարկվել և, ուշադրություն, նույն վերնագրի մեջ գրեն՝ հայտնաբերվել է թմրանյութ։ Սա էլ իր հերթին հրաման է հայկական ժամանակների բոլոր xosnak.am-ներին, որ սրանք այնքան լկտիանան, որ գրեն, թե իբր թմրանյութը Արտյոմի մեքենայի մեջից է հայտնաբերվել։ Այ այսպիսի մի ապուշ իրավիճակ։
Ես էլ ստիպված եմ, առաջին հերթին որպես Արտյոմի ընկեր, հերքել նիկոլյան ժամանակների տխմարությունները, որովհետև հնարավոր չէ, որ բոլորը անձամբ ճանաչեն Արտյոմին և առաջին վայրկյանից հասկանան, որ ավելի շուտ Պիզայի աշտարակը կուղղվի, քան Արտյոմն ու թմրանյութները իրար հետ որևէ, անգամ վիզուալ կապ կունենան։
Հ.Գ. շնորհակալ ենք բոլոր անհանգստացող ծանոթ և անծանոթ մարդկանց։ Փառք աստծո վթարի հետևանքով առողջական որևէ լուրջ խնդիր Արտյոմը չունի։