Շառլ Միշելը Փաշինյանին ու Ալիևին կոչ է անում շուտափույթ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքումը

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների «մեծ առաջընթացը»` նշելով, որ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

X-ում արված գրառմամբ Շ. Միշելը ողջունել է հատկապես գերիների, կալանավորված զինծառայողների ազատ արձակումն ու քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը:

«Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ գլխավորած բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է», – նշել է նա՝ հավելելով, որ խրախուսում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին շուտափույթ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքումը։

Այսօր Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ հայտնեցին երկու կողմից զինծառայողների ազատ արձակելու որոշման մասին, ինչպես նաև վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Տեսանյութեր

Լրահոս