Սնուփ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը տարեվերջին լրանալու է, հետևաբար՝ սահմանված ընթացակարգով մրցույթ կհայտարարվի, և, կախված նրանից, թե ովքեր կդիմեն, տեղի կունենա արդեն ընտրություն հոգաբարձուների խորհրդի կողմից։

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ հանրակրթական դպրոցներում ուսուցիչները դժգոհում են, որ դասղեկության, ստուգողականներ ստուգելու համար հավելյալ չեն վճարվում կամ վճարելը թողնված է դպրոցի տնօրինության հայեցողությանը: ԿԳՄՍ նախարարը պատասխանելու փոխարեն՝ լրագրողներին ասաց, որ ամեն ինչ ճշտեն՝ նոր հարց տան, քանի որ արդեն մոտ 4 հազար ուսուցիչ դպրոցներում ստանում է բարձրացված աշխատավարձ, կան ուսուցիչներ, որոնք ունեն տարակարգ և ստանում են նաև հավելավճար։

Խոսելով ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգի մասին, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ 2.3 միլիարդ դրամն  արդեն իսկ փոխանցվել է նրան, Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այն տեղի կունենա։

«Համերգը տեղի է ունենալու հաջորդ տարի, այժմ բանակցվում են ժամկետները, և այն կազմակերպությունը, որը պետք է կազմակերպեր միջոցառումը, բանակցությունների ավարտից հետո կհայտնի նոր ժամկետի մասին։ Նախապես քննարկվում է, որ կարող  է տեղի ունենալ մայիս-հունիս ամիսներին, բայց վերջնական ժամկետի մասին կհայտնեն բանակցությունների ավարտից հետո»,- Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ժ. Անդրեասյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ Սնուփ Դոգի համերգը համարո՞ւմ է մշակութային միջոցառում, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց, որ հարցին բազմիցս անդրադարձել է և կարծում է, որ ինչ-որ պահի այդ խոսակցությունները պետք է դադարեցվեն։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ քննարկվի Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի պաշտոնանկության հարցը, Ժաննա Անդրեասյանն ասաց, որ հարցը «շատ իրավական է», որոշումները պետք է կայացվեն իրավական դաշտում։

Տեսանյութեր

Լրահոս