
Իսրայելը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախներին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ կործանիչներով հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական թիրախներին՝ ի պատասխան Լիբանանից իսրայելական տարածքի գնդակոծման։ Այս մասին հաղորդում է ԻՊԲ-ի տարածած հաղորդագրությունը։
«Այսօր ավելի վաղ Լիբանանից (արկերի) մի քանի արձակումներ են գրանցվել Իսրայելի հյուսիսային շրջաններում: Արկերն ընկել են բաց տարածքներում։ Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի մի շարք ահաբեկչական օբյեկտների, այդ թվում՝ ահաբեկիչների ենթակառուցվածքին և ռազմական պահակակետերին, որոնք ահաբեկիչների կողմից օգտագործվում են որպես զենքի պահեստ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ Իսրայել ներխուժումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Այս ընթացքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին։