 
                        ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Բաքու՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը
 
                                    ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։ Բաքվում պաշտոնյան կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Օ’Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանական պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և աջակցությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությանը», – նշված է հաղորդագրությունում։
Իսկ Ռումինիայում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կմասնակցի հացահատիկի արտահանման թեմայով գագաթնաժողովի Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        