Բաժիններ՝

Հատուկ հարցաշար-թեստի միջոցով անհատը կարող է անձամբ պարզել՝ ինքը թրաֆիքինգի ենթարկվում է, թե ոչ. ԱՍՀ նախարարություն

Հայաստանի Հանրապետությունում թրաֆիքինգի վերաբերյալ օրենսդրությունը զոհակենտրոն է. թրաֆիքինգի զոհերը ստանում են աջակցության ամբողջական փաթեթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 2-ը նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»։ 1949 թ․-ի այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարի» կոնվենցիան։ 21-րդ դարի սպիտակ ստրկությունը՝ Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը առկա է գրեթե յուրաքանչյուր երկրում։ Սեռական ու աշխատանքային շահագործում, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևեր, հարկադիր ամուսնություն, հարսնացուների վաճառք, երեխաների բռնի հավաքագրում զինված բախումներում օգտագործելու համար, մուրացկանության մեջ ներգրավում, օրգան հյուսվածքների վաճառք և այլն․ ամեն տարի միլիոնավոր կանայք, տղամարդիկ ու երեխաներ ենթարկվում են թրաֆիքինգի նշված ձևերին:

Ցավոք, Հայաստանը զերծ չի մնացել այս երևույթից, և ամեն տարի մեր երկրի մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի զոհ են դառնում ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում։ Հատկապես այս օրերին, երբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են աշխատանք գտնել Հայաստանում կամ այդ նպատակով մեկնում են արտերկիր, իրավիճակով պայմանավորված՝ նրանց զգոնության մակարդակն էլ այս պահին բավականին իջած է, և միշտ չէ, որ հանդիպում են բարեխիղճ գործատուի, թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկումն առավել արդիական է դառնում։ Վերջին 1-2 տարիներին խնդիրն առավել սրվել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի պատճառով։

Թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացում/ինքնանույնացում

Հայաստանում անձին պաշտոնապես թրաֆիքինգի և շահագործման զոհ ճանաչել կարող է միայն Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս տարի մշակվել են թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման ցուցիչներ, որոնց օգնությամբ հնարավոր է նաև ինքնանույնացում իրականացնել, այսինքն՝ անհատը կարող է անձամբ պարզել՝ ինքը թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվո՞ւմ է, թե՞ ոչ։ Դա հնարավոր է պարզել նաև հատուկ հարցաշար-թեստի միջոցով, որը մշակել է «Աուդիո վիզուալ լրագրողների ասոցիացիան՝ նշված փաստաթղթի հիման վրա։

Հարցաշար-թեստի հղումը՝ https://shorturl.at/gAEF5

Թրաֆիքինգի և շահագործման զոհերին տրամադրվող ծառայություններ

ՀՀ-ում թրաֆիքինգի վերաբերյալ օրենսդրությունը զոհակենտրոն է. թրաֆիքինգի զոհերը ստանում են աջակցության ամբողջական փաթեթ:

Այն բանից հետո, երբ անձը նույնացվում է որպես թրաֆիքինգի զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, կարող է օգտվել պետության կողմից տրամադրվող աջակցությունից, որը ներառում է՝

1) կացարանի տրամադրում.

2) բնաիրային օգնություն.

3) անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում.

4) բժշկական օգնություն և սպասարկում.

5) հոգեբանական օգնություն.

6) խորհրդատվական օգնություն.

7) իրավաբանական օգնություն.

8) խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում.

9) թարգմանչական ծառայությունների մատուցում.

10) հիմնական կրթության ապահովում.

11) միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում.

12) աշխատանքի ապահովում.

13) անվտանգ վերադարձի կազմակերպում.

14) միանվագ դրամական փոխհատուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս