Մակրոնն Իսրայելի իշխանություններին կոչ է արել «սահմանել իրենց նպատակը» Գազայի հատվածում պատերազմում
Գազայի հատվածում պատերազմը «հասել է մի կետի, որտեղ Իսրայելի իշխանությունները պետք է ավելի հստակ սահմանեն իրենց նպատակն ու ցանկալի արդյունքը»։ Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP28) շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է DW-ն։
Մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտարարած նպատակը՝ ամբողջությամբ ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, Մակրոնն ասել է.«Ի՞նչ է նշանամում ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը, և որևէ մեկը հավատո՞ւմ է, որ դա հնարավոր է։ Եթե այդպես է, ապա պատերազմը կձգվի տասը տարի»։
Այս ֆոնին, Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ավելի ինտենսիվ «ջանքեր ձեռնարկել Գազայի հատվածում երկարաժամկետ զինադադարի հասնելու համար»։
Նույն օրը՝ դեկտեմբերի 2-ին, Մակրոնը Դուբայից մեկնեց Դոհա՝ հանդիպելու պետության ղեկավար, Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ և նրա հետ քննարկելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի վերականգնման հետագա հնարավորությունները, ինչպես նաև՝ գրոհայինների մոտ մնացած պատանդների ազատումը. Սակայն մինչ Ֆրանսիայի նախագահը կժամաներ Քաթարի մայրաքաղաք, բանակցություններում Իսրայելի ներկայացուցիչներն արդեն լքել էին երկիրը։ Իսրայելի իշխանությունները հետ էին կանչել նրանց՝ համարելով, որ խորհրդակցությունները «փակուղի են մտել»։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմում հրադադարը, որը տևեց ընդհանուր առմամբ 7 օր, դադարեց գործել։ Այս ընթացքում ահաբեկիչները ազատ են արձակել մի քանի տասնյակ պատանդների, որոնց գերել էին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ, իսկ Իսրայելի իշխանությունները ազատ են արձակել մի շարք պաղեստինցի բանտարկյալների։