«Փաշինյանն ու Ալիևը համագործակցում են. գործիչների մի մասին Ալիևն է բանտարկում, մի մասին՝ ինքը՝ Հայաստանում». Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց Ադրբեջանում գտնվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարության վերաբերյալ 168.am հարցին։

Հարցը հետևյալն էր՝ եթե ՀՀ իշխանությունը նրանց հայրենիք վերադարձնելու համար որևէ քայլ չի անում, ապա ինչպե՞ս է պատկերացնում նրանց ճակատագիրը և հայրենիք վերադարձնելու հնարավորությունները։

«Այս իշխանությամբ ես որևէ կերպ չեմ պատկերացնում այդ մարդկանց վերադարձը, որովհետև ես ասում եմ՝ նրանք գործում են միասնական թիմում։ Այսօր Փաշինյանն ու Ալիևը նույն գործն են անում։

Ես արդեն ասացի, որ Ռուբեն Վարդանյանի հետ մենք կարող ենք ամեն տեսակի հակասություն ունենալ, իր որոշ հայացքների հետ չհամաձայնել ու չենք էլ համաձայնվում, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։ Ես մի գրառում էի կատարել, որով դատապարտում էի հրճվանքը՝ կապված այդ մարդկանց գերեվարման ու ձերբակալության հետ։ Իսկ այդ հրճվանքը մենք տեսանք, հրճվում էին, որ Արցախի նախկին ղեկավարները ձերբակալվել են Ադրբեջանի կողմից։

Կարդացեք նաև

Այդ հրճվանքը մեկ բանով է բացատրվում, որ դու Ադրբեջանի հետախուզության գործակալ ես, այլ տարբերակ չկա։ Մենք չե՞նք ունեցել խնդիրներ նույն ԼՂՀ նախագահների հետ, քննադատել ենք նրանց, նրանց հետ դաժան հակամարտություն է եղել, հետո՞ ինչ, այս վիճակում մենք պետք է այդ հակամարտության մասին հիշե՞նք»,- նշեց Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա, այս գործողություններով Ալիևը ցույց է տալիս, որ ինքը խաղաղություն չի ցանկանում Հայաստանի հետ՝ նա այսօր զբաղված է Հայաստանի ժողովրդին նվաստացնելու գործունեությամբ։

«Ինչո՞ւ Հայաստանի վարչապետը չի պահանջում այդ մարդկանց ազատումը, ինչո՞ւ չի դնում ամեն տեղ այդ հարցը։ Երևում է, որ իրենք անում են նույն գործը, սա համատեղ գործ է, և Ալիևն այսօր օգնում է Փաշինյանին։ Նա ում կարողանում է՝ իր քաղաքական հակառակորդներից, Հայաստանում է բանտարկում, այդ գործի մի մասն էլ Ալիևն իր վրա է վերցրել՝ ում կարողանում՝ բանտարկում է։ Շատ պարզ, պարզագույն համագործակցություն է»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս