Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Գլոբալացվող աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից հրամայականները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։

Պաշտպանը նշել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծվում խոսել մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա մարտահրավերների մասին։

Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից, ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելումը թեմայով քննարկմանը Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած աշխատանքների մանրամասները:

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ անձամբ իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որի ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան անմիջապես ներգրավվել եմ բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության գործընթացին։ Անձամբ ես և ՄԻՊ աշխատակազմը մեկնել ենք Գորիս, Կոռնիձոր և Վայք՝ տեղում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ։ Այդ ընթացքում զրուցել ենք հարյուրավոր անձանց հետ։ Փաստահավաք աշխատանքների ժամանակ հետապնդել ենք երկու նպատակ՝ իրականացնել մշտադիտարկում և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում նշված անձանց իրավունքների երաշխավորմանը վերաբերելի խնդիրները։ Հաջորդ կարևոր նպատակն էր բացահայտել խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի զոհ դարձած անձանց և երաշխավորել նրանց իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի իրացումը։ Ինձ համար մի բան ակնհայտ էր. ադրբեջանական գործողությունների արդյունքում խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները»,-նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքագրված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում։

«Տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով զեկույցը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ»,-ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Տեսանյութեր

Լրահոս