Հայկական LeapTrips-ը՝ ճամփորդել սիրողներին արկածային ճամփորդություն առաջարկող հարթակ
Հայկական LeapTrips-ը, որը ճամփորդել սիրողներին առաջարկում է անհատական արկածներ՝ նվազագույն պլանավորմամբ, ճամփորդության հնարավորություն է տալիս դրամայնացնելու իրենց փորձը՝ ստեղծելով անհատականացված ճանապարհորդական ուղեցույցներ և շրջագայություններ, հասանելի կլինի 2024 թվականի ամռանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր Ռուզան Յոլչյանը նշեց՝ հիմք ընդունելով համաշխարահային Airbnb տների վարձակալության հարթակը, նպատակ ունեն նույն ձևաչափը կիրառել ճամփորդական փորձառության համար:
«Սա հարթակ է, որտեղ հնարավոր է ստեղծել, կիսվել ու դրամայնացնել ճամփորդական պլանները, միաժամանակ այն կարող է հետաքրքիր, չբացահայտված ու արկածային ճամփորդություն առաջարկել զբոսաշրջիկներին: Այսինքն՝ հարթակը միաժամանակ 2 տիպի մարդկանց համար է՝ նրանք, որոնք արկածային ճանապարհորդություն են փնտրում ու հոգնել են ստանդարտ տուրիստական վայրերից, և նրանք, որոնք սիրում են արկածային ճանապարհորդություններ ստեղծել»,-ներկայացրեց Ռուզան Յոլչյանը:
«Փարիզում Էյֆելյան աշտարակը, Եգիպտոսում բուրգերը, Հայաստանում Գառնին ու Գեղարդը. սրանք արդեն բացահայտված, հաճախ ձանձրալի տուրիստական վայրեր են, որոնք միշտ կան յուրաքանչյուր ճանապարհորդի պլաններում»,-նշեց ստարտափի հիմնադիրը՝ հավելելով, որ հարթակում փորձառու ճանապարհորդները կարող են ստեղծել, գովազդել ու վաճառել իրենց տարբերվող ճամփորդական փորձառությունը, իսկ գնորդները լինելու են այն մարդիկ, որոնք հոգնել են ստանդարտ տուրիստական վայրերից և ուզում են տեսնել ավելին:
«Փոքր բիզնեսները մոռացվում են միայն նրա համար, որ ճամփորդական գործակալություններն իրենց մասին չգիտեն, կամ չեն խոսում կամ ուղղակի գիտեն, որ տվյալ բիզնեսից շատ եկամուտ չեն ստանա: Մեր հարթակը լուծում է նաև այս խնդիրը»,-ասաց Յոլչյանը:
Համահիմնադիրը պատմեց՝ սովորել է Նյու Յորքում, հետո տեղափոխվելով Լոնդոն՝ ուսումնասիրել է ստարտափների ոլորտը: LeapTrips-ի գաղափարը ծնվել է 2022-ին, երբ մի տարի նվիրել է ճանապարհորդելուն ու հասցրել լինել 20-30 երկրում: Հասկացել է ոլորտում առկա խնդիրները, զգացել, որ բացահայտելու շատ բաներ կան, սակայն ինչպե՞ս՝ չի կողմնորոշվել: Այսպիսով՝ որոշել է ստեղծել հարթակը:
LeapTrips-ը դեռ չի գործարկվել: Այս պահին աշխատում են ճանապարհորդ բլոգերների և ինֆլուենսերներ հետ: Հարթակը գործելու է IOS և Android համակարգերի վրա: Այն հասանելի կլինի մինչև 2024 թվականի ամառը:
Յոլչյանը եզրափակելով նշեց՝ նպատակ ունեն ճամփորդելը դարձնել հասանելի բոլորի համար: Ստարտափն աշխատելու է միջազգային շուկայում:
Կարինե Տերտերյան