Արաբ աշխարհազորայինները հարձակվել են քրդերի դիրքերի վրա Սիրիայի արևելքում
Արաբ ցեղախմբերի ջոկատները Սիրիայում Եփրատ գետի արևելյան ափին գրոհել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) քրդական կազմավորումների դիրքերը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Al Watan պարբերականի՝ Դեյր էզ Զորի նահանգի Էս Սաավա և Ալ Հավայջ բնակավայրերի մոտ աշխարհազորայինները գնդացիրներով կրակ են բացել ՍԴՈւ-ի ուղեփակոցների մերձակայքում։ Զոհվել է մեկ քուրդ մարտիկ, կան վիրավորներ։ ՍԴՈւ-ի հրամանատարությունն արագորեն օգնական ուժեր է ուղարկել այդ շրջան և պատասխան գործողություն իրականացրել աշխարհազորայինների դեմ, որոնք կորուստներ են կրել և նահանջել դեպի Սիրիական անապատի խորքը:
Սեպտեմբերի 25-ին արաբական «Ջեյշ ալ Աշաիր» աշխարհազորի ղեկավար շեյխ Իբրահիմ ալ Հաֆելը հայտարարել էր քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին` սեպտեմբերի 6-ին ձեռք բերված զինադադարից հետո։ Նա հայտարարել էր, որ իր նպատակն է «Սիրիայի կառավարության իշխանության վերականգնումը Դեյր էզ Զորի ամբողջ տարածքում»։
ՍԴՈւ-ի և «Ջեյշ ալ Աշաիրի» միջև բախումները սկսվել էին օգոստոսի 27-ին․ սպանվել է 79 աշխարհազորային, 29 քուրդ մարտիկ և 10 խաղաղ բնակիչ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 200-ը։
Ցեղախմբերի շեյխերը ձգտում էին հասնել սիրիական նավթի վաճառքից ստացված եկամուտների ավելի արդար բաշխման քրդերի և արաբների միջև: ՍԴՈւ-ի քաղխորհուրդը խոստացել էր ուսումնասիրել և բավարարել նրանց պահանջները, սակայն դա տեղի չի ունեցել։
2019 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո ՍԴՈւ-ի վերահսկողության տակ են մնացել Հասաքայի և Ռաքքայի նահանգների մեծ մասը, ինչպես նաև Դեյր էզ Զորի հյուսիս-արևելքը, որտեղ կենտրոնացված են սիրիական նավթի հանքերը։ ԱՄՆ-ն, որն աջակցում է քրդերին, այդ տարածաշրջաններում ստեղծել է 9 ռազմակայան: