Համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացիներին երթևեկել ՀՀ պետհամարանիշներով․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում քննարկվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին հարցը։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վրացական պետհամարանիշներով մեքենաներին, ասաց․
«Այս թեմայի հետ մենք առնչվել ենք, երբ տեսել ենք, որ ՀՀ-ում շատ մեծ տեմպերով աճում են վրացական պետհամարանիշներով մեքենաները։ Ճիշտն ասած՝ սկզբնական շրջանում դրա համար շատ եմ ուրախացել՝ մտածելով, որ Վրաստանից ՀՀ այցելությունների թիվը շատ արագ տեմպով ավելանում է։ Մեքենայի պետհամարանիշը նույնպես պետականության ատրիբուտ է, ու մենք կարծում ենք, որ այս իրավիճակը այսպես շարունակել չի կարելի»։
Նիկոլ Փաշինյանը շետեց, որ ՀՀ քաղաքացիները գնում են այդ ճանապարհով, քանի որ Վրաստանում մեքենաների մաքսատուրքերը էականորեն քիչ են։
«Մենք կարող էինք գնալ մաքսատուրքերը իջեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ դա ԵԱՏՄ կարգավորում է, ու ՀՀ-ն չի կարող միակողմանիորեն այդ խնդիրը լուծել։ Մենք կարծում ենք, որ հարցը ըստ պատեհության կարող է քննարկվել ԵԱՏՄ շրջանակներում ու մենք կքննարկենք այդ տարբերակը։
Բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ երկար ժամանակ ԵԱՏՄ կարգավորումների համաձայն՝ ՀՀ-ն ուներ արտոնություններ ավտոմեքենաների ներմուծման ժամանակ ու ավտոմեքենաների ներմուծման շատ մեծ բում էր տեղի ունեցել։ Հիմա ի՞նչ կարգավորում ենք մենք առաջարկում։ Նրանք, ովքեր արդեն ներմուծել են, իրենց համար իրականացնում ենք աջակցության ծրագիր և վճարվող մաքսատուրքի մի մասի հետվճար կիրականացնենք։
Այս կարգավորումներին զուգահեռ ՀՀ ոստիկանությունը վարչարարություն կիրականացնի։ Նրանց, ում մեքենաների շահագործումը չի համապատասխանի այս կանոններին, համապատասխան ընթացակարգերով վարչարարություն կիրականացնենք և համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացաիներին, որպեսզի ինչպես հարկն է՝ ՀՀ-ում երթևեկեն ՀՀ պետհամարանիշներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։