Դուբայում աշխատանքն է սկսում կլիմային նվիրված ՄԱԿ-ի երկշաբաթյա գագաթնաժողովը
Դուբայում` Մերձավոր Արևելքի ֆինանսական և տեխնոլոգիական կենտրոնում, նոյեմբերի 30-ին բացվում է կլիմային նվիրված համաշխարհային գագաթնաժողովը՝ ավելի քան 140 երկրների ղեկավարների մասնակցությամբ։
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները, լինելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP28) նախագահը և աշխարհում նավթի խոշորագույն արտադրողներից մեկը, հույս ունի համոզելու միջազգային հանրությանը, որ ցածրածխածնային ապագան հնարավոր է առանց հանածո վառելիքից հրաժարման:
COP28-ի նախագահ նշանակված Սուլթան բեն Ահմեդ ալ Ջաբերը, որն զբաղեցնում է ԱՄԷ-ի արդյունաբերության և առաջավոր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարում է Աբու Դաբիի ADNOC ազգային նավթընկերությունը, բազմիցս ասել է, որ ածխաջրածինների օգտագործման կրճատումը պատասխանատու մոտեցում է պահանջում:
Համաժողովը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը։ Այդ օրերի ընթացքում Դուբայը կհյուրընկալի ավելի քան 70 հազար պատվիրակների տարբեր երկրներից, ներառյալ՝ պետությունների ղեկավարների, խոշոր բիզնեսի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հետազոտողների, փորձագետների և լրագրողների։ Սա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի մասնակիցների ամենամեծ թիվն է ամբողջ պատմության ընթացքում: