
Ուկրաինայում վատ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 12-ի

Ուկրաինայում ևս երկու մարդ է զոհվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով․ զոհերի ընդհանուր թիվը հասել է 12-ի: Այդ մասին հաղորդել է երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
«Վատ եղանակի պատճառով զոհվել է 12 մարդ, տուժել է 23 մարդ, նրանց թվում՝ 2 երեխա», – Telegram ալիքում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը։
Նոյեմբերի 28-ին Կլիմենկոն հայտնել էր 10 զոհի մասին։
Փրկարարները և կոմունալ ծառայությունների աշխատողները շարունակում են ճանապարհների մաքրման և ձյան առատ տեղումների հետևանքների վերացման աշխատանքները։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի 11 մարզերում 521 բնակավայրեր մնում են առանց էլեկտրականության։
Ուկրաինայում ձյան առատ տեղումներն սկսվել են նոյեմբերի 25-26-ին: Նոյեմբերի 27-ին վատ եղանակի հետևանքով երկրի 16 մարզերում հոսանքազրկվել է ավելի քան 2 հազար բնակավայր, ձնահյուսերի պատճառով արգելափակվել են բազմաթիվ ավտոմայրուղիներ: