Պուտինը հեռախոսով դեռ չի շփվի Փաշինյանի հետ․նրան սպասում են ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին․Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի նախատեսում հեռախոսով շփվել Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ «Կոմերսանտի», ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա տարեվերջին՝ Սանկտ Պետերբուրգում։

«Եթե պարոն Փաշինյանը ժամանի այնտեղ, իսկ նրան սպասում են՝ ինչպես բոլորին, ապա խոսելումեծ հնարավորություն կլինի»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը՝ հավելելով, որ երկու երկրների ղեկավարների միջև շփումը կարող է տեղի ունենալ ավելի վաղ, «եթե պետությունների ղեկավարներն անհրաժեշտ համարեն դա անել ավելի վաղ, դա կլինի իրենց որոշումը»։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Alpha News-ի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, իսկ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմանը։

«Մենք Երևանից ազդանշան ստացանք, որ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է գալ Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ) և ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին»,- ասել է Ուշակովը։

Ճշտող հարցին ի պատասխան, թե սա արդեն ստույգ տեղեկություն է, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է.«Մենք ազդանշան ենք ստացել, հստակ ազդանշան Երևանից»։

Տեսանյութեր

Լրահոս