Իսրայելում հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարը 10 օրից ավելի չի տևի
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը և Իսրայելի հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչության՝ Մոսադի ղեկավարը բանակցություններ են վարել Կատարի վարչապետի հետ։
ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնսը և Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան քննարկել են արդեն իսկ երկու օրով երկարաձգված հրադադարի հետագա երկարաձգման հարցը։ Բանակցություններին ներկա են գտնվել նաև Եգիպտոսի պաշտոնյաներ։
Ըստ իսրայելցի պաշտոնյաների՝ Իսրայելը չի ցանկանում հրադադարը երկարաձգել 10-ից ավելի օրով։ Հետևաբար, երկարաձգման մասին համաձայնության դեպքում հրադադարը կավարտվի դեկտեմբերի 3-ին։
Այս ընթացքում կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ՝ միևնույն ժամանակ շարունակելով պատանդների և բանտարկյալների փոխանակումը։ Իսրայելի պաշպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսում երկու տարբեր վայրերում երեք պայթուցիկ սարք է գործի դրվել։ Միջադեպերից մեկի ժամանակ պաղեստինցի զինյալները կրակ են բացել իսրայելցի զինվորների ուղղությամբ, վերջիններս պատասխան կրակ են բացել։ Ըստ ԻՊԲ-ի՝ մի քանի զինվոր թեթև վիրավորվել է։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «չունի այլ ելք, քան ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը»։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև քառօրյա հրադադար էր հաստատվել նոյեմբերի 24-ին։ Հրադադարի ավարտից հետո դրա գործողության ժամկետը ևս երկու օրով երկարաձգվել էր։ Այս օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իր մոտ պահվող 240 պատանդներից ավելի քան 80-ին։ Դրա դիմաց Իսրայելն ազատել է պաղեստինցի 180 բանտարկյալի։