
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում հումանիտար հրադադարը ելք չի համարում

Իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարը ելք չէ, ՄԱԿ-ը շարունակում է պնդել, որ հաստատվի զինադադար և անհապաղ ազատ արձակվեն բոլոր պատանդները: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Հումանիտար հրադադարը քայլ է ճիշտ ուղղությամբ, այն հույսի խորհրդանիշ է, բայց այն չի լուծում մեր առջև ծառացած հիմնական խնդիրները: Հետևաբար, մենք պնդում ենք, որ հաստատվի հումանիտար զինադադար, որը կհանգեցնի բոլոր բանտարկյալների անվերապահ և անհապաղ ազատմանը և հնարավորություն կտա մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատվածի բոլոր բնակիչներին, որտեղ էլ նրանք լինեն», – ասել է Գուտերեշը:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև քառօրյա հրադադար էր հաստատվել նոյեմբերի 24-ին։ Հրադադարի ավարտից հետո դրա գործողության ժամկետը ևս երկու օրով երկարաձգվել էր։ Այս օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իր մոտ պահվող 240 պատանդներից ավելի քան 80-ին։ Դրա դիմաց Իսրայելն ազատել է պաղեստինցի 180 բանտարկյալի։