Բաժիններ՝

Սպանություն՝ Վանաձորում. Սպանվածը հայտնի էր քրեական պատմություններով. Ամիսներ առաջ կրակել էին նրա կնոջ ուղղությամբ

shamshyan.com-ի փոխանցմամբ, երեկ՝ նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի օգտագործմամբ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, եւ կա տուժած:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված շենքի բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 20-ից ավելի պարկուճներ, իսկ բակում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի եւ կողային հատվածներում առկա էին կրակոցի 15-ից ավելի հետքեր:

Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է դի:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները եւ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Փերիխանյանն է: Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նաեւ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ սպանություն կատարողի անձի վերաբերյալ եւ ճշտել էին, թե ենթադրյալ կասկածյալը սպանությունը կատարելուց հետո որ ուղղությամբ է գնացել՝ իր հետ տանելով ինքնաձիգը:

Ա. Զաքարյանի, Ա. Աղումյանի, Ա. Բեժանյանի գլխավորությամբ, սպանության վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա ոստիկաններն ու պարեկները սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են կասկածյալին, եւ օպերատիվ խմբերը մեկնել են նրա բնակության վայր․ կասկածյալը, տեսնելով, որ այլեւս չի կարող մոտենալ իր տանը, սպանության վայրից բավականին հեռու է մեկնում, ի վերջո, ոստիկաններն ու պարեկները, վտանգելով իրենց կյանքը, կարողանում են դուրս գալ կասկածյալի հետքի վրա ու վնասազերծել նրան, ապա տեղափոխել Ոստիկանության Տարոնի բաժին:Կար վտանգ, որ հնարավոր է՝ նա 2-րդ անգամ գործի դներ ինքնաձիգը, երբ ոստիկաններն ու պարեկները գնում էին իր ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կասկածյալը Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա  Կարեն Փիլոյանն է:

Նրան բաժին տեղափոխելուց հետո արդեն պետք է որոնողական աշխատանքներ կատարվեին հանցագործոթյան գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ նա ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմատը մի քանի կմ հեռավորության վրա շպրտել էր չոլերում։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Տարոնի բաժնի եւ ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները սկսում են այդ ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ կատարել ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Տեւական ժամանակ անց հաջողվում է հայտնաբերել ինքնաձիգը, որը Կ․Փիլոյանը դրել էր պարկի մեջ եւ թաքցրել երկաթե տարայի մեջ: Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կասկածյալը ոստիկանության Տարոնի բաժնից ներկայացվել է Քննչական կոմիտե:

Գ. Շամշյանի տեղեկություններով, այս տարվա սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ ստացած կանանցից մեկը սպանված Ա. Փերիխանյանի կինն էր:

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 2-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։Ժամը 20:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան էր, մյուսը ՝ 34: Ոստիկաններն ու քննիչները պարզում էին նաև, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել և որտեղ են տեղի ունեցել կրակոցները։

Վարկածներից մեկի համաձայն հնարավոր էր՝ այն կապ ունենար օգոստոսի 31-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների հետ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում էին վիրավոր կանանց ինքնությունը և թե արդյոք բացի նրանցից այլ վիրավորներ կային։

Դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ և գնդակներ:

Դեպքը տեղի էր ունեցել Շիրակացի և Վարդանանց փողոցների խաչմերուկում գործող «Krug» մթերային խանութում, որտեղ հայտնաբերվել էին արնանման հետքեր, ապակիներին և խանութում գտնվող սառնարանների վրա նույնպես կային կրակոցի հետքեր: Տեղում պարեկները սահմանազատել էին տարածքը, և երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորպես դադարեցվել էր: Մարզի ոստիկանապետ Ա. Զաքարյանի հանձնարարականով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր մեկնել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ, քանի որ կային տեղեկություններ, որ հնարավոր է վիրավորները 2-ը չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս