Հնդկաստանի փլուզված թունելում արգելափակված 41 աշխատողներին առաջիկա ժամերին կսկսեն դուրս բերել
Հնդկաստանում փրկարարները պատրաստվում են առաջիկա ժամերի ընթացքում դուրս բերել 41 աշխատողներին, որոնք սողանքի պատճառով արդեն 17 օր արգելափակված են թունելում։
Փրկարարներին, ի վերջո, հաջողվել է 90 սմ տրամագծով խողովակ անցկացնել փլատակների միջով։ Ավելի վաղ արգելափակված աշխատողներին 15 սմ տրամագծով խողովակով ուղարկվում էր սնունդ, մատակարարվում թթվածին։
Փրկարարները նախատեսում են լայն խողովակի միջով ուղարկել պարաններով կապված անվավոր պատգարակներ, որպեսզի աշխատողներին արագորեն հերթով դուրս քաշեն թունելից։ Այս գործողությունը կարող է շարունակվել ամբողջ գիշեր։
Թունելի մուտքի դիմաց սպասում են շտապ օգնության մեքենաներ և ուղղաթիռներ։ Տեղում հավաքվել են նաև արգելափակված աշխատողների հարազատները։
Աշխատողներին հետագա բուժօգնություն ցուցաբերելու համար հիվանդանոցում 41 տեղ է նախապատրաստվել։
Ուտարակհանդ նահանգում թունելի շինարարական աշխատանքներում ներգրավված 41 տղամարդիկ հիմնականում Հնդկաստանի հյուսիսային և արևելյան նահանգներից են։