Ակնկալում ենք Արևմուտքի երկրների աջակցությունը ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյանը՝ Ռայմունդաս Լոպատային

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կարեւորվել են Հայաստան-Լիտվա բարեկամական հարաբերությունները՝ հիմնված համանման պատմական փորձի վրա:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի ջանքերը՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ երախտագիտություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման հարցում Լիտվայի անմիջական մասնակցության համար:

Զրույցի առանցքում են եղել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված հայերին առնչվող խնդիրները, Լիտվայի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված մարդասիրական աջակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխիքը ժողովրդավարությունն է, եւ Հայաստանն ակնկալում է Արեւմուտքի երկրների աջակցությունն այդ ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում:

Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարեւոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ տնտեսական կապերի խթանման գործիք:

Տեսանյութեր

Լրահոս