Մակրոնն անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը նշել է, որ Փարիզն անհանգստացած է իրանական միջուկային ծրագրի զարգացման առնչությամբ՝ տարածաշրջանում լարվածության պայմաններում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ֆրանսիային անհանգստացնում է Իրանի միջուկային ծրագրի զարգացման ներկայիս հետագիծը տարածաշրջանային անկայունության համատեքստում», – հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Մակրոնը և Գրոսին ընդգծել են, որ Թեհրանը պետք է լիարժեք ծավալով փոխգործակցի ՄԱԳԱՏԷ-ի հետ և միջազգային հանրությանը երաշխավորի, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:
2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ ստորագրել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը նպատակամիտված էր հաղթահարելու Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ստեղծված ճգնաժամը: Փաստաթուղթը նախատեսում էր պատժամիջոցների աստիճանական վերացում, որի դիմաց Իրանը պարտավորվում էր սահմանափակել իր միջուկային գործունեությունը։ 2018 թ․-ին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց միակողմանիորեն դուրս գալ այդ համաձայնագրից։ ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է Վաշինգտոնին վերադարձնել միջուկային գործարքին։
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2021 թվականի ապրիլից Վիեննայում բանակցություններ էին վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական ձևով վերականգնելու շուրջ։ 2022 թվականի նոյեմբերին Գրոսին հայտարարեց, որ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլը Վիեննայում ավարտվել է առանց որևէ արդյունքի: