Բաժիններ՝

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի խնդիրներից է համարում Ռուսաստանի հետ պատերազմ թույլ չտալը

ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրներից մեկը դաշինքի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ պատերազմ թույլ չտալն է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի արտգործնախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։

Ստոլտենբերգին հարց են ուղղել՝ արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստվում է երրորդ համաշխարհային պատերազմի։

«ՆԱՏՕ-ն ունի Ուկրաինայի դեմ ագրեսիայի վերաբերյալ երկու հիմնական խնդիր: Մեկն Ուկրաինային աջակցություն ցուցաբերելն է, և մենք դա անում ենք պատերազմի սկզբից, ՆԱՏՕ-ի շատ երկրներ օգնություն են ցուցաբերել Ուկրաինային նույնիսկ մինչև լայնածավալ ներխուժման սկիզբը։ Մյուս հիմնական խնդիրն է թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, քանի որ դա կբերի ավելի մեծ տառապանքների, մահերի և ավերածությունների», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Ստոլտենբերգը նաև հիշեցրել է դաշինքի բոլոր երկրների դիրքորոշումը, որ «Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը ՆԱՏՕ-ին ռազմական գործողությունների թեժ պահին անհնար է»։

«Բայց, իհարկե, մենք կարող ենք մտածել, թե ինչպես կարելի է Ուկրաինան է՛լ ավելի մոտեցնել ՆԱՏՕ-ին՝ Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի (խմբ․՝ 2024 թվականի հուլիսին) նախապատրաստման շրջանակներում: Թե ինչ որոշում կընդունվի գագաթնաժողովին, ավելի ուշ հայտնի կդառնա», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա նաև խոստացել է շարունակել զենքով օժանդակել Ուկրաինային:

Այլ հարցերի անդրադառնալիս Ստոլտենբերգը նշել է, որ Եվրոպայում իրական է ահաբեկչության սպառնալիքը։

«Մենք ՆԱՏՕ-ի երկրների վրա ռազմական հարձակման անմիջական սպառնալիք չենք տեսնում: Բայց կա մշտական ​​վտանգ՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիք: Եվրոպայում ահաբեկչության վտանգն իրական է: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Հորդանանում, Թունիսում՝ օգնելով նրանց ավելի լավ վերահսկել իրենց սահմանները, և փոխանակում ենք տեղեկատվություն», – ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս