
Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ջանքերը և Վաշինգտոնի աջակցությունը հայտնելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին տեղեկանում ենքԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունից։
«Նրանք քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը, մինչ մենք աշխատում ենք՝ աջակցելու բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի նրա տեսլականին», – նշված է հայտարարությունում։
Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ողջունել «Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու՝ նախագահ Ալիևի հանձնառությունը»։
«Պետքարտուղարն ընդունել է, որ այս երկարատև հակամարտությունը տառապանքներ է պատճառել թե՛ադրբեջանցիներին, թե՛ հայերին, և ընդգծել է այն օգուտները, որ կարող է բերել խաղաղությունը տարածաշրջանում բոլորին», – նշված է գերատեսչության հայտարարությունում։
Բլինքենը նաև Ալիևի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների միջև մտահոգություն առաջացնող թեմաները և «խոսել համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունների մասին, հատկապես խաղաղության գործընթացի շուրջ», ինչպես նաև շեշտել բարձր մակարդակով ներգրավվածության կարևորությունը։