
Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա օգոստոսի 29-ին Տաշիր կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն էր գրել իր ՖԲ էջում, «չնախատեսված կանգառ» էր կատարել «Երեմյան Ֆարմ» անասնաբուծական համալիր:
Չնայած Փաշինյանը ոգևորված գրառում էր կատարել, թե «մասնավորի կողմից ծրագրի նպատակով իրականացվում է 31 մլն դոլարի ներդրում», այդուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, նա առանձնապես ոգևորված չի եղել տեսածով ու բավական զարմացել է, որ իրեն համոզել են այցելել մի տեղ, ուր ընդամենը 300-400 խոշոր եղջերավոր անասուն կա:
Այս հանգամանքը նրան կասկածելի է թվացել, առավել ևս, որ նշյալ ընկերությունը բավական տենդերներ է շահում, այդ թվում՝ մեկ անձից գնումով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ներքին կարգով հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչի՞ համար են իր մոտ այդպես ակտիվ «ռասկրուտկա անում» Դավիթ Երեմյանին: Թերթի տեղեկություններով, նրան զեկուցել են, որ մի քանի «կարկառուն» քպականներ նշյալ ընկերության ռեստորաններում, ի մասնավորի՝ «Լիվինգսթոնում», «հաց ուտելու» կայուն «լիմիտներ» ունեն:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, սա պարզապես ափերից հանել է Փաշինյանին, որն ասել է, թե ոչ ոք «այդ տղայի» հետ կապված իր մոտ այլևս չմտնի»: