Հարցաքննությունների տեղատարափ է սպասվում. նոր զարգացումներ քաղաքապետարանի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի միջադեպի քրեական գործով ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տեսանյութերի հրապարակումից հետո կսկսի ծանուցումներ ուղարկելու գործընթացը։
Ասել է թե՝ սպասվում է հարցաքննությունների տեղատարափ։ Հետաքրքիր է՝ արդյոք կոմիտեն այս միջադեպով մինչեւ վերջ կգնա, ու պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, թե Հակակոռուպցիոն կոմիտեի օրինակով Ազգային ժողովում պատգամավորների ծեծկռտուքի դեպքի նման այն կկարճի: Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»: