Նարգիզը համերգով վերադառնում է Երևան
Երգչուհի Նարգիզը (Զաքիրովա), որի յուրահատուկ ձայնն ու ինքնատիպ կատարումները գրավել են շատ երաժշտասերների, համերգային ծրագրով վերադառնում է Հայաստան:
Նարգիզի երևանյան մենահամերգը տեղի կունենա 2024 թվականի մարտին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Նա հանդես կգա «ONA» ծրագրով և Երևանում կհնչեցնի ոչ միայն նոր ստեղծագործություններ, այլև իր հիթային դարձած գործերը, Մաքսիմ Ֆադեևի հեղինակած «Դու իմ քնքշությունն ես», «Երկուսով», «Միշտ քեզ հետ կլինեմ» ստեղծագործություններն ու այլ երգեր:
Նարգիզն առաջին անգամ Հայաստան է ժամանել 2017-ին: Նա ծնունդով Ուզբեկստանից է: Խոսելով Հայաստանի և իր ծննդավայրի նմանությունների մասին՝ երգչուհին նշում է, որ երկու երկրներում էլ ջերմ են և սիրալիր: «Նման են նաև երաժշտության զգացմունքային ու նուրբ ընկալումը: Ուզբեկ և հայ ժողովուրդներն ունեն բացառիկ երաժշտական ճաշակ և իսկականը դիլետանտիզմից տարբերելու գերազանց ունակություն, ուզբեկ և հայ ժողովուրդները կեղծիք չեն հանդուրժում ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ կյանքում»,-ասում է երգչուհին:
Խռպոտ ձայնով երգչուհուն հայ հանդիսատեսը սիրում է. նախորդ համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում։ Երգչուհու խոսքով՝ հայ հանդիսատեսը ցնցող ազդեցություն է թողել իր վրա և վերադառնում է սիրով։ «Նա տվեց ինձ այն ամենը, ինչի մասին կարող է երազել բեմում կանգնած ցանկացած արտիստ։ Ես պարզապես պարուրված էի սիրով, և դա լիովին անկեղծ էր: Հենց այդպիսի պահերի համար ես ուզում ստեղծագործել և ճախրել ավելի վեր: Միշտ կհիշեմ այդ իրադարձությունը, քանի որ հենց այդպիսի հանդիսատեսն է մոտիվացնում մեծ նվաճումների։ 2017 թվականի իմ առաջին այցը Երևան ինձ համար կմնա իմ ստեղծագործական կյանքի ամենավառ և ամենահիշարժան իրադարձությունը»,-եզրափակում է Նարգիզը: