Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է բարձրացված աշխատավարձից և այն վերադարձնում է բյուջե
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և նրա կաբինետի անդամները հայտարարել են, որ բյուջե են վերադարձնում այն գումարները, որոնցով իրենց աշխատավարձերը բարձրացվել էին՝ համաձայն պետական աշխատողների վճարումները բարձրացնելու օրենքի։ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտնել է, որ այդ որոշումը պաշտոնապես ձևակերպվել է կառավարության հերթական նիստից հետո կայացած խորհրդակցությունում։
«Վարչապետի և նախարարների աշխատավարձերի բարձրացումը ժողովրդի մոտ քննադատություն է առաջացրել: Ուստի մենք համաձայնեցրինք այդ գումարների վերադարձը, որպեսզի հասարակության մեջ անվստահություն չառաջացնենք», – Մացունոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ճապոնիայում պետական ծառայողները զրկված են գործադուլի իրավունքից: Դրա փոխարեն կառավարության հատուկ մարմինը, խորհրդարանի որոշմամբ, պարբերաբար բարձրացնում է նրանց աշխատավարձերը միջին գործակցով, որը համապատասխանում է մասնավոր հատվածի ծառայողների վճարումների ավելացմանը։
Դրան համապատասխան՝ այժմ ընդունված օրենքը նախատեսում էր Կիսիդայի աշխատավարձի բարձրացում տարեկան 460 հազար իենով (3000 դոլարից փոքր-ինչ ավելի): Նախարարների համար այն ենթադրվում էր բարձրացնել տարեկան 320 հազար իենով (մոտ 2100 դոլար)։
Ճապոնիայի վարչապետի աշխատավարձն ամսական կազմում է 3,3 միլիոն իենից (մոտ 22 000 դոլար) փոքր-ինչ ավելի։ Ճապոնացի նախարարի աշխատավարձը կազմում է ամսական 2,45 մլն իեն (մոտ 16 300 դոլար):