Ռուսական կողմին հրավիրել ենք կոնսուլտացիաների. Փաշինյանը՝ ռուսական ալիքները փակելու հարցի մասին
ՀՀ-ի ու Ռուսաստանի միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ից գործում է համաձայնագիր ՀՀ-ի ու Ռուսաստանի կառավարությունների զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այդ պայմանագրով կարգավորվում են մեր հարաբերությունները Հայաստանում ռուսական և Ռուսաստանում հայկական հեռուստաալիքների հեռարձակման պայմանների վերաբերյալ։ Այնտեղ կա շատ հստակ կարգավորում՝ երկրի ներքին գործերին միջամտելու, ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն։ Մեր պետական ինստիտուտները, հեռուստատեսային հեռարձակման հանձաժողովը և ԲՏԱ նախարարությունը վերջին ամիսներին արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք մեր կարծիքով խախտում են նշված կետերը։
Հաշվի առնելով Հայաստանի ու ՌԴ-ի միջև առկա բարեկամական հարաբերություններն ու առկա իրողությունները՝ ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի մենք քննարկենք այս իրադրությունն ու հասկանանք, թե ինչպիսին պետք է լինեն ելքերը։
Հույս ունեմ՝ այդ խորհդրակցությունները կլինեն արագ»,- ասաց նա։