
Հռոմի պապը կոչ է արել տղամարդկանց զարգացնել առողջ հարաբերություններ ունենալու կարողությունը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն, ի պատասխան իտալական ԶԼՄ-ներում կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրությունների աճին, կոչ է արել լրատվամիջոցների աշխատակիցներին իրենց աշխատանքով նպաստել «առողջ հարաբերությունների ընդունակ տղամարդկանց ձևավորմանը»: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը։
Հռոմի Պապն ընդունել է մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի չորս իտալական ասոցիացիաների ներկայացուցիչներին: Ֆրանցիսկոսի խոսքով՝ լրատվամիջոցների աշխատակիցները պետք է պարզ և հասկանալի լեզվով հիշեցնեն, որ բացի նորություններից ու սենսացիաներից, միշտ կան զգացմունքներ, պատմություններ, իրական մարդիկ, որոնց պետք է հարգել՝ ինչպես հարազատներին։
«Վերջին օրերին կանանց նկատմամբ բռնության մասին սարսափելի լուրերից մենք տեսնում ենք, թե ինչպես պետք է հարգանք և հոգատարություն զարգացնել, ձևավորել առողջ հարաբերությունների ունակ տղամարդիկ», – Պապի խոսքն է մեջբերել Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը։
Կանանց նկատմամբ բռնության հարցը դարձել է իտալական օրակարգի կենտրոնական թեմաներից մեկը՝ 22-ամյա ուսանողուհի Ջուլիա Չեկետտիի աղմկահարույց սպանությունից հետո։ Հանցագործության մեջ մեղադրվում է նրա նախկին ընկերը։ Երիտասարդի որոնողական աշխատանքները տևել են մեկ շաբաթ։ Երկրի հյուսիսում՝ լճի մոտ, հայտնաբերվել է աղջկա դին՝ դանակահարված վերքերով։ Տղամարդուն՝ Ֆիլիպո Տուրետիին, ձերբակալել է գերմանական ոստիկանությունը Լայպցիգի շրջանում։ Սպասվում է, որ շաբաթ օրը նրան կարտահանձնեն Իտալիա։