Բաժիններ՝

Ցուցադրվել է «Բացակա պատկեր» ֆիլմը՝ նվիրված Արտավազդ Փելեշյանին

«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բացակա պատկեր» ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արտավազդ Փելեշյանի կինը՝ Աիդա Սարգսյանը, կինոաշխարհի ներկայացուցիչներ և կինոսերներ:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի և «Արև» ֆիլմ-ստուդիայի համատեղ արտադրությամբ: Ֆիլմի շնորհանդեսը կայացել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Արտավազդ Փելեշյանին նվիրված հոբելյանական ցուցադրությամբ, որը կազմակերպել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Այս ֆիլմը փորձ էր՝ խոսելու Փելեշյանի հետ իր լեզվով: Կինոյի նյարդը զգացող այս հսկան համաշխարհային կինոպատմության մեջ իր ուրույն ձեռագիրն ունի: Նա իր փոքր պատուհանը բացեց կինոաշխարհում՝ իր արվեստով շատ կարծրատիպեր կոտրելով: Ես հասկացա, որ կինոն կարող է լինել առանց խոսքի, և միևնույնն է՝ դու հասկանաս, թե ինչ է այն ուզում ասել»,- ասել է «Բացակա պատկերը» ֆիլմի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

«Բացակա պատկեր» ֆիլմը սև-սպիտակ է։ Ֆիլմը նկարելիս ռեժիսորն օգտագործել է նաև հատվածներ՝ Արտավազդ Փելեշյանի տարբեր ֆիլմերից։ Դրանք հիմնականում կինոէկրանին են ու տարբեր առիթներով ցուցադրվում են տարբեր քաղաքների կինոդահլիճներում։

«Բացակա պատկեր» ֆիլմի կադրերում Արտավազդ Փելեշյանը տիկնոջ հետ շրջում է այն վայրերով և քաղաքներով՝ Լիսաբոն, Փարիզ, Լիոն, Երևան, որտեղ Վարպետի հետ հանդիպումներ են կազմակերպվել։ Նրա վարպետության դասերը, խոսքը, կինոցուցադրությունները նկարահանվել են՝ որպես փաստագրական նյութ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս