Մուսան դատարկ սենյակ չի սիրում, մի՛շտ «Ազգի» գլխին, պարո՛ն Ավետիքյան. «Ազգ»
Հայոց լրագրային լանդշաֆթը նրա նման որեւէ մեկը չի մշակել: Եւ չի հերկել նաեւ:
Բեյրութում 15 տարի «Զարթօնք» է խմբագրել Յակոբ Դանիէլի Աւետիքեանը: Պատերազմի տարիներին շատերն են լքել քաղաքը, ռումբը հարվածել է խմբագրության շենքին, պատը փուլ է եկել, իսկ խմբագիր Աւետիքեանը… պարզապես մյուս սենյակում շարունակել է իր գործը: Լրագրությունը նրա երակներում է։
Հայաստանի Հանրապետության անկախության շրջանից՝ 1991-ից ի վեր Յակոբ Աւետիքեան անուն- ազգանունը Երեւանում իր ստեղծած առաջին անկախ թերթի՝ «Ազգի» կնիքն է եղել, հիմնադիր առաջին եւ միակ գլխավոր խմբագիրը, որն իր շուրջ է հավաքել ազատ միտք, լայնախոհ հայացք, երեւակայություն ունեցող մարդկանց, նրանց մտքի թեւերը չի կտրել, նրանց տողը մկրատով չի ձեւել, իսկ խմբագրության դարբնոցում փորձել է կռել ու կոփել գաղափար՝ անկախ պետություն ենք կառուցում, Արցախ ենք ազատագրում, Սփյուռքը կապում ենք Հայաստանին՝ մեր արարչագործության մեջ կարեւորը սա է:
Անհատի, լրագրողի ազատության մեր սահմանը անսահմանը չի եղել:
Քննադատել՝ առարկայական, անմեղության կանխավարկածի մասին չմոռանալով, չաստվածացնել նրան, ում մասին գրում ես, հիշել, որ մարդ է:
Ավետիքյանը միշտ հնարավորություն է տալիս, որ գիր ստեղծողը բացի իր ձիրքը, տաղանդը, գտնի իր ոճը: Ավետիքյանն է լրագրող Հովիկ Աֆյանին բաշխել այն արտոնությունը, որ թռչի ու դառնա բեսթսելլերների հեղինակ, թարգմանվի տարբեր լեզուներով:
«Ի՞նչ կա» կարճ ու լեցուն նրա հարցը բոլորը գիտեն: Թե՛ օրաթերթում, թե՛ շաբաթաթերթում, ովքեր աշխատել են, կհաստատեն, որ դրան պատասխանելու համար լավ պատրաստվել է պետք, կարդալ օրվա տեղական եւ դրսի մամուլը, կարեւոր թեման առանձնացնել, ապա հստակ շարադրել, մեկնաբանել այդ «կա»-ն:
«Ի՞նչ կա» հարցը «Ազգի» ԴՆԹ-ն է, մի բան, որ 1991-ի փետրվարի 16-ից ստիպում է մեզ՝ լրագրողներիս թերթի էջերը լցնել՝ մեծագույն պատասխանատվությամբ, իսկ հարց տվողի հանդեպ լցվել ամենօրյա երախտագիտությամբ:
Ավետիքյանը «Ազգի» դիրիժորն է: Նա է կառավարում մեր տեմպն ու բարձրությունը: Հաճախ փայտիկն իջեցնում է, փորձարկում մեր նվագախումբը: Այդժամ տարբեր գործիքներ ու ձայներ ունեցող «Ազգը» դառնում է համերաշխ ու ներդաշնակ մի մարմին, որ ձգտում է բարձր պահել տարիների հեղինակությունը:
«Ազգում» մենակատարների բարձր ձայները միշտ էլ լսվել են, առաջին ջութակ լինելու ոմանց հավակնությունը սակայն, երբ աղմուկ է դարձել, գլխավոր խմբագիր Ավետիքյանը միջամտել է, նույնիսկ բարձրացրել ձայնը, հետո… հաշտություն կնքել: Օտար մարմիններն ինքնակամ հեռացել են մեր նվագախմբից:
Հակոբ Ավետիքյանը «Ազգի» 16 էջը մենակ է կարդում, բոլորիս գիրը կարդում, վերակարդում է: Խմբագրական է գրում, ձեռագիր՝ հաճախ դասական ուղղագրությամբ, հաճախ՝ միանգամից մի քանի թերթի համար: Սփյուռքը սպասում է Հայաստանից գրած նրա հոդվածին, վերլուծությանը, հրապարակախոսությանը:
Քանի՞ խմբագրական է գրել, ինքն էլ չի հաշվել հաստատ, բայց որակական առումով՝ միշտ նոր է ու հետաքրքիր, կենդանի խոսք է նրա սյունակը:
Նա աշխարհը մեր «Ազգ» է բերում, նա աշխարհը Հայաստան է բերում:
Հայաստանը միշտ ուղեծիր է ելնում «Ազգ»-ով:
Շնորհավո՛ր տարեդարձդ, սիրելի՛ գլխավոր խմբագիր, հարգարժա՛ն եւ թանկագի՛ն Հակոբ Ավետիքյան:
«Ազգի» աշխարհասփյուռ ընթերցողների, հին եւ նոր աշխատակիցների անունից՝
Անահիտ Հովսեփյան