Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում վերջինս Հայաստանին կոչ է արել «բռնել Ադրբեջանի մեկնած բարեկամության ձեռքը»։

«Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է արել՝ կոչ անելով Հայաստանին «բռնել Ադրբեջանի մեկնած բարեկամության ձեռքը»։ Ռ․ Թ․ Էրդողանը կրկնել է նաև Ադրբեջանում լայնորեն շրջանառվող քննադատությունները Հայաստանի սպառազինության վերաբերյալ՝ նշելով, թե «Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք և զինամթերք չի կարող ապահովել կայուն խաղաղության և անվտանգության միջավայր»։ Դժվար չէ նկատել, որ Թուրքիայի նախագահի թվացյալ խաղաղապաշտական մեկնաբանությունների հետևում թաքնված են Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական ագրեսիվ ադրբեջանական նարատիվները։

Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանը երբեք չի մերժել խաղաղության հաստատման որևէ հնարավորություն, որը հիմնված կլինի պատմական և իրավական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, փոխըմբռնման և բռնության բացառման սկզբունքների վրա։ Փոխարենը վերոնշյալ կատեգորիաները շարունակաբար խախտվել ու շարունակում են խախտվել Ադրբեջանի կողմից։ Միայն վերջին երեք տասնամյակների վերաբերյալ կարելի է արձանագրել հետևյալը․ 1988թ․ Սումգայիթի, 1990թ․ Բաքվի, 1992թ․ Մարաղայի ջարդեր, Գանձակի, Դաշքեսանի, Շաքիի, Նուխիի և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերի ամբողջական հայաթափում, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության յուրացում, խեղաթյուրում, պղծում կամ ոչնչացում Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես՝ Նախիջևանում, քնած հայ սպայի կացնահարում և հանցագործի հերոսացում, 44-օրյա պատերազմի սանձազերծում, պատերազմելու միջազգային օրենքների կոպիտ խախտումներ, Լաչինի միջանցքի 10-ամսյա ապօրինի շրջափակում, հումանիտար աղետի և ցեղասպանության վտանգի միտումնավոր ստեղծում, քաղաքացիական անձանց առևանգումներ, սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մանկասպանություն և վերջապես հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 հազար բնիկ էթնիկ հայերի բռնի տեղահանում զենքի անմիջական սպառնալիքի տակ։

Ահա հանուն խաղաղության մեկնված ադրբեջանական ձեռքի մասին ողջ պատմական ճշմարտությունը։ Մենք կոչ ենք անում Թուրքիայի նախագահին առերեսվել այս պատմական իրողությանը, ընդունել այն և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերջ տալու ապակառուցողական գործելակերպին և ոչ միայն իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, այլև պատասխանատվություն կրելու իրավապաշտպան այլ միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների հռչակագրերով ու կանվեցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս