Քաղաքական իշխանությունները ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ԲԴԽ-ն պաշտոնապես դադարեցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում խոսակցություններ կան, որ քաղաքական իշխանությունները քննարկել են Դավիթ Խաչատուրյանի փոխարեն ԲԴԽ տանել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Ավելի ուշ քննարկվել է փաստաբաններից մեկի թեկնածությունը, որը եւս վերջնական չէ։ Ասել է թե՝ քաղաքական իշխանությունները ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ են։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
Բարձրագույն դատական խորհուրդը քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Արդեն կար ներքին որոշում ընտրել Դավիթ Խաչատուրյանին»: