
Աշխատանքից ազատված Open AI-ի հիմնադիր Սեմ Ալթմանը միացել է Microsoft-ին

OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանն աշխատանքից ազատվելուց հետո 48 ժամ անց միացել է Microsoft ընկերությանը։ Ալթմանի նոր նշանակման մասին հայտնել է Microsoft ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան։
«Մենք ոգևորված ենք հայտնելու, որ Սեմ Ալթմանը և Գրեգ Բրոքմանը, գործընկերների հետ միասին, կմիանան Microsoft-ին՝ ղեկավարելու նոր առաջադեմ արհեստական բանականության (AI) ուսումնասիրություններով զբաղվող թիմը», – գրել է նա X սոցիալական հարթակում։
Տնօրենների խորհուրդը 38-ամյա Սեմ Ալթմանին աշխատանքից ազատել էր նոյեմբերի 17-ին՝ նշելով, որ նրա հանդեպ վստահությունը կորել է։ Ալթմանը լքել էր Open AI-ի տնօրենների խորհուրդը և գործադիր տնօրենի պաշտոնը։ Հաղորդվել էր նաև, որ տնօրենների խորհրդի նախագահի և OpenAI-ի համահիմնադրի պաշտոնն է թողնելու Գրեգ Բրոքմանը:
Ալթմանը համահիմնադրել է OpenAI-ը 2015 թվականին: Նրա ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է ChatGPT-ն, որից ամեն շաբաթ օգտվում է գրեթե 100 մլն մարդ: