ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հումանիտար դադարի դիմաց ազատել մինչև 15 պատանդի. The New York Times
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը քննարկում է մինչև 15 պատանդների հնարավոր ազատ արձակումը հումանիտար հրադադարի դիմաց, որը թույլ կտա Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումներ կազմակերպել։ Այդ մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրների։
Ըստ պարբերականի տեղեկատվության` արմատական շարժման հետ քննարկվող գործարքի պայմանների համաձայն՝ Իսրայելը երեք օրով կդադարեցնի հարձակումները, ինչը հնարավորություն կապահովի «պատանդներին դուրս տանելու և անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու համար»։ Հրատարակությունը պարզաբանում է, որ համաձայնությունը նաև վերաբերում է մի քանի ամերիկացիների, որոնց պահում է ՀԱՄԱՍ-ը։ Ընդ որում, ստույգ չի հաղորդվում, թե քանի պատանդի ազատ արձակման մասին է խոսքը։
Բանակցությունները, որոնց մասնակցում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, ընթանում են Կատարի միջնորդությամբ։
Ինչպես նշում է The New York Times-ը, ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ օրերս Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակտիվորեն պնդում են, որ համաձայնություն ձեռք բերվի մարտական գործողությունների դադարի դիմաց ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին ազատ արձակելու շուրջ:
Նոյեմբերի 7-ին Axios հարթակը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին առաջարկել է երեք օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների մի մասին ազատելու նպատակով։
Իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա ամերիկյան Politico թերթին ասել է, որ Իսրայելի իշխանությունները պատրաստ են հայտարարելու մարտական գործողությունների դադարներ, եթե ՀԱՄԱՍ-ը ազատ արձակի պատանդների զգալի մասին:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։