
ՀԱՄԱՍ-ն օտարերկրյա շուրջ 600 քաղաքացիների նոյեմբերի 8-ին թույլ է տվել հեռանալ Գազայից

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրապարակել է ավելի քան 600 օտարերկրյա քաղաքացիների և երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիների ցուցակները, որոնք նոյեմբերի 8-ին կարող են հեռանալ Գազայի հատվածից «Ռաֆահ» հսկիչ անցակետով: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ ցուցակում ներառված են Գերմանիայի, Կանադայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ֆիլիպինների քաղաքացիներ։ ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակներում կա նաև Միացյալ Նահանգների շուրջ 100 քաղաքացի։
Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ նոյեմբերի 8-ի ցուցակում չկան։
«Ռաֆահ» հսկիչ անցակետն այժմ Գազայի հատված մտնելու և այնտեղից դուրս գալու միակ ճանապարհն է։ Այն քաղաքացիական անձանց համար վերաբացվել է նոյեմբերի 1-ին։ Անցակետով թույլ է տրվում դուրս գալ օտարերկրացիներին և որոշ ծանր վիրավորված պաղեստինցիների։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո իսրայելական կողմն ունի 1400 զոհ։ Շուրջ 240 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելի գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը։ Ըստ Գազայի առողջապահական իշխանությունների՝ նրանց 40 %-ը երեխաներ են։