Բաժիններ՝

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը միջազգային շրջագայությամբ կմեկնի Հունաստան, ԱՄՆ և Կանադա

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին և իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Համերգները կկայանան հետևյալ հեղինակավոր համերգասրահներում՝ նոյեմբերի 12-ին Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում, նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի Ռոյ Թոմսոն հոլում, նոյեմբերի 19-ին՝ Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության համերգասրահում (La Maison Symphonique), նոյեմբերի 21-ին՝ Բոստոնի սիմֆոնիկ հոլում: Ծրագրում ընդգրկված է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 5-ը:

Համերգների մենակատարներն են համաշխարհային մեծ համբավ ունեցող հայ երաժիշտներ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը:

Նոյեմբերի 21-ին Բոստոնի սիմֆոնիկ հոլում կայանալիք համերգը բարեգործական է, որի տոմսերից գոյացած հասույթը որպես մարդասիրական օգնություն կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցությանը:

Համերգի աջակիցներն են Pan Armenian Council of New England, AGBU New England District-ը, Armenian Relief Society, Friends of Armenian Cultural Society, YerazArt հիմնադրամը և Tekeyan Cultural Association: Հունաստանում կայանալիք համերգներն իրականացվում են Հունաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925 թվականին: Գրեթե 100-ամյա նվագախումբն ունի հարուստ երաժշտական ավանդույթներ ու պատմություն: Հանդես է եկել բազում անվանի դիրիժորների ու մենակատարների հետ աշխարհի տարբեր հեղինակավոր համերգասրահներում: 2000 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը, որի օրոք նվագախումբը գրանցել է բարձր կատարողական մակարդակ և ամենուրեք արժանացել հանդիսատեսի ու երաժշտաքննադատների բարձր գնահատականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս