
Ջո Բայդենը և Սի Ծինփինը նոյեմբերի 15-ին հանդիպում կունենան․ Kyodo

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նախատեսում են երկկողմ հանդիպում ունենալ նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում, երբ Ասիախաղաղօվկիանոսյան երկրների ղեկավարները հավաքվեն ամենամյա գագաթնաժողովի։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
Սա կլինի առաջին դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների միջև վերջին մեկ տարվա ընթացքում, մինչ երկու պետությունները փորձում են ուղիներ գտնել իրենց ուժեղ մրցակցությունը կայունացնելու և աշխարհաքաղաքական լարվածությունը նվազեցնելու համար։
Պաշտոնյան, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը վերջին պատրաստություններն են տեսնում այդ օրվա հանդիպման համար։
Չինաստանը դեռ պետք է հաստատի Սի Ծինփինի մասնակցությունը Ասիախաղաղօվկիանոսյան երկրների ղեկավարների գագաթնաժողովին, սակայն Սպիտակ տունն անցյալ շաբաթ հայտարարել է, որ երկու երկրները «սկզբունքորեն համաձայնել» են Սան Ֆրանցիսկոյում իրենց ղեկավարների հանդիպման շուրջ։
Սի Ծինփինն ԱՄՆ-ում չի եղել 2017 թ․ ապրիլից ի վեր։ Երկու նախագահները դեմ առ դեմ հանդիպում են ունեցել 2022 թ․ նոյեմբերին Բալիում Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովի ժամանակ։ Նրանց հանդիպումը տևել էր 3 ժամ։